Ադրբեջանը չպիտի խառնվի ՀՀ տարածքային ամբողջականությանը. ՔՊ-ն այս հարցին «ձեռնպահ է» քվեարկել. Հայկ Մամիջանյան
Կարդացեք նաև
ԵԽ-ից ուղիղ միացմամաբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, տեղեկացնելով, որ տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը և ընդունվել է հայտարարություն, ասել է․ «Ես ներկայացրել էի առաջարկություն այդ հայտարարության մասով, որոնց մեծամասնությունը չընդունվեց, բայց էական է երկուսի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը»։
Նա նշել է, որ իր երկու առանցքային առաջարկների վերաբերյալ ՀՀ ԱԺ խորհրդարանականների ՔՊ-ական պատգամավորները մտահոգիչ դիրքորոշմամբ են հանդես եկել։
Մամիջանյանը նշել է, որ իր առաջարկություններից մեկով հորդորում էր Ադրբեջանին կոչ անել՝ զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերի վերաբերող հայտարարություններ անելուց՝ Սահմանադրության փոփոխության և այլ հարցերով և տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցության անդամներն այս առաջարկությանը քվեարկել են ձեռնպահ։
«Այսինքն իրենց համար մեկ է, թե Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ ՀՀ սահմանադրության փոփոխության մասին, թե՞ ոչ, ագրեսիվ հռետորիկա կունենա՞ Հայաստանի մասին, թե՞ ոչ»,-նկատել է Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշել է, թե երկրորդ-երրորդ անգամ ՔՊ խմբակցության պատգամավորները ԵԽ-ում դեմ են քվեարկում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առաջարկին՝ այն է հայտարարության մեջ ներառել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում Հայոց Ցեղասպանության հարցի պահպանումը։
Մամիջանյանը նշել է, որ հայտարարությունը ներառում է մեկ կետ որտեղ ԵՄ-ն նշում է, թե հաշվի է առել, որ Հայաստանում առկա են կարծիքներ դատական համակարգը օգտագործվելու մասին և առկա են ժողովրդավարական խնդիրներ։
«Ի տարբերություն նախորդ ժխտողական կեցվածքին, հիմա ասում են որ նկատում են Հայաստանում քաղաքացիական և քաղաքական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարության հետընթացի և իրավապահ համակարագի քաղաքական նպատակներով օգտագործման մասին։ Երևի երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, բոլորը բերդերում լինեն, երբ քաղբանտարկյալների թիվը ոչ թե 50, այլ լինի 500, այդ ժամանակ հնարավոր է մենք հասնենք նրան, որ եվրոպական կառույցները հստակ նշեն, որ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրները»,-հայտարարել է Հայկ Մամիջանյանը՝ նկատելով որ քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելու հարցում տարվող աշխատանքները ինչ-որ արդյունքներ տալու են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում