Գործադուլներ Գերմանիայի արդյունաբերական հսկաներում. կանգ են առել Mercedes-Benz-ի և BMW-ի գործարանները
Կարդացեք նաև
Գերմանիայի խոշորագույն՝ IG Metall արհմիությունը երկրի հյուսիսային հատվածում գտնվող 19 ձեռնարկությունների ավելի քան 23 հազար աշխատակիցների 24-ժամյա գործադուլի կոչ է արել։ Բողոքի ակցիաներն ընդգրկել են Mercedes-Benz, BMW, Siemens Gamesa և Meyer Werft ընկերությունների գործարանները՝ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցությունների երեք փուլերի անարդյունք ավարտից հետո։ Առաջիկայում աշխատանքի նոր դադարեցումներ են սպասվում նաև Բեռլինում և արհմիության կենտրոնական շրջանում, որն ընդգրկում է Հեսսեն, Ռայնլանդ-Պֆալց, Սաարլանդ և Թյուրինգիա երկրամասերը։
Նախազգուշական գործադուլները հաջորդել են ուրբաթ օրը տեղի ունեցած համազգային ակցիաներին, որոնց, արհմիության տվյալներով, մասնակցել է 151 հազար աշխատակից, այդ թվում՝ Ինգոլշտադտում գտնվող Audi-ի գլխավոր գործարանի և Բավարիայում BMW-ի երեք ձեռնարկությունների անձնակազմը։ IG Metall-ը պահանջում է մեկ տարվա ընթացքում 5 տոկոսով բարձրացնել 3,7 միլիոն աշխատակիցների, ներառյալ ավտոարդյունաբերության ոլորտի զբաղվածների աշխատավարձերը։ Գործատուներն իրենց հերթին առաջարկել են 2027 թվականի հուլիսին տարեկան համախառն վաստակի 1 տոկոսի չափով միանվագ վճարում և 2028 թվականի հուլիսից աշխատավարձերի 1,3 տոկոս բարձրացում, ինչն արհմիությունը համարել է անընդունելի՝ գնաճի պայմաններում աշխատողների վիճակը վատթարացնելու պատճառաբանությամբ։
Մի շարք գործարաններում, մասնավորապես Բրեմենում և Համբուրգում գտնվող Mercedes-Benz-ի ձեռնարկություններում, գործադուլները մեկնարկել են կիրակի երեկոյան՝ գիշերային հերթափոխի սկզբից։ Համբուրգի գործարանի հոսքագծերն ամբողջությամբ կանգ են առել, և տարածքը փակ է։ Mercedes-Benz-ը հաստատել է, որ իր ձեռնարկություններն առնչվել են գործադուլին, և հայտնել, որ ընկերությունը վերակազմավորում է աշխատանքային գործընթացը՝ միաժամանակ աջակցելով Südwestmetall գործատուների միավորման հայտարարությանը, որը 24-ժամյա գործադուլները որակել է «անհարկի էսկալացիա» և կոչ է արել վերսկսել բանակցությունները։
Բողոքի ակցիաներն ընդգրկել են նաև Կուքսհաֆենում հողմագեներատորներ արտադրող Siemens Gamesa ընկերությունը և Պապենբուրգի Meyer Werft նավաշինարանը։ Միևնույն ժամանակ, Audi-ին տիրապետող Volkswagen կոնցեռնը մոտ 120 հազար աշխատակիցների վերաբերող առանձին բանակցություններում ձգտում է հասնել աշխատավարձերի երկամյա սառեցման և աշխատաժամանակի ավելի ճկուն ռեժիմի սահմանման։ Իր հերթին, BMW-ն ավելի վաղ փորձել էր կամավոր ազատումների միջոցով կրճատել շուրջ 8 հազար աշխատատեղ, իսկ Mercedes-Benz-ը նպատակ ունի Գերմանիայում հասնել տարեկան 800 միլիոն եվրոյի խնայողության՝ քննարկելով առանց հավելավճարի աշխատաժամանակի երկարաձգման, արտոնությունների կրճատման և երկրում ներդրումների դադարեցման տարբերակները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում