Համազգային գործադուլ Բելգիայում. չեղարկվել են թռիչքների մեծ մասը, կաթվածահար է եղել տրանսպորտը
Կարդացեք նաև
Բելգիայում երկուշաբթի օրը մեկնարկել է համազգային գործադուլ՝ ընդդեմ կառավարության նախատեսած խիստ խնայողության միջոցառումների։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գործադուլը նախաձեռնել են երկրի խոշորագույն արհմիութենական միավորումները՝ ACV-CSC-ն, FGTB-ABVV-ն և SYNOVA-ն։
Բողոքի ակցիաների պատճառով Բրյուսելի միջազգային օդանավակայանում չեղարկվել է չվերթների 95 տոկոսը, իսկ երկրի հարավում գտնվող Շառլեռուայի օդանավակայանը փակվել է։ Ավելի վաղ Skeyes դիսպետչերական ծառայությունը հայտարարել էր, որ աշխատակիցների գործադուլի պատճառով չի կարող ապահովել բելգիական օդանավակայանների բնականոն սպասարկումը։
Գործնականում կանգ է առել նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը, փակ են դպրոցներն ու պետական մի շարք հաստատություններ։ Բրյուսելի հասարակական տրանսպորտի STIB-MIVB օպերատորը նախազգուշացրել է ավտոբուսային և տրամվայային գծերի աշխատանքի լուրջ խափանումների մասին, իսկ մայրաքաղաքի մետրոպոլիտենում գործում է միայն երկու գիծ։ Կազմակերպիչների հաղորդմամբ՝ մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներով՝ Հյուսիսային կայարանից դեպի Հարավային կայարան նախատեսվող երթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 50 հազար մարդ։
Երկրում վերջին ամիսներին պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաները պայմանավորված են կենսապահովման ծախսերի աճով և վարչապետ Բարտ Դե Վեվերի կառավարության՝ առաջիկա տարիներին 10 միլիարդ եվրո խնայելու ծրագրով՝ պետական բյուջեի հսկայական պակասուրդը կրճատելու նպատակով։ ՀՆԱ-ի 5 տոկոսը գերազանցող բյուջետային պակասուրդը նվազեցնելու համար կառավարությունը դիտարկում է ծախսերի կրճատման հնարավորությունը, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) բարձրացումը։ Նշենք, որ ԵՄ գործող բյուջետային կանոնների համաձայն՝ անդամ երկրների պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ 60 տոկոսը։
Խնայողության միջոցառումների շուրջ տարաձայնությունները պահպանվում են նաև ֆլամանդացի պահպանողականների գլխավորած կառավարող կոալիցիայի ներսում։ Կառավարության կազմում ընդգրկված միակ ձախակողմյան կուսակցությունը, ինչպես նաև արհմիությունները հանդես են գալիս բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար լրացուցիչ հարկեր սահմանելու օգտին՝ ծախսերի կրճատումը փոխհատուցելու նպատակով։ Բյուջեի շուրջ բանակցությունների փակուղու պատճառով Բարտ Դե Վեվերը նոյեմբերի 2-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ֆիլիպ թագավորին, սակայն միապետը հրաժարվել էր ընդունել այն՝ կառավարության ղեկավարին լրացուցիչ ժամանակ տրամադրելով լուծում գտնելու համար։ Այս ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ վարչապետը պետք է թագավորին զեկուցի կոալիցիոն գործընկերների հետ բանակցությունների ընթացքի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում