ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կայա Կալաս
Կարդացեք նաև
ԵՄ-ն հստակ չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը, ինչպես նաև չի սատարում որևէ գործողություն, որը խաթարում է նեղուցով նավագնացության ազատությունը։ Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումից մի քանի ժամ անց։
«Լիովին պարզ չէ, թե հատկապես ինչ գործողություններ է իրականացնում ԱՄՆ-ն», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն չի աջակցում որևէ տուրքի սահմանման կամ արգելքների ստեղծման մի երթուղու նկատմամբ, որը նախկինում բաց է եղել բոլորի համար:
Նա ընդգծել է, որ այս էներգակիրներով և պարարտանյութերով նավերի՝ նեղուցով անցման արգելափակումը «լուրջ տառապանքներ է պատճառում աշխարհին»։
Կալասը նաև հայտարարել է, որ Եվրոպան այլ երկրների հետ համատեղ պատրաստ է գործի դնելու իր հնարավորությունները Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համար, բայց միայն «մարտական գործողությունների ավարտից հետո»:
Նա հավելել է, որ պետք է լինի պատերազմի դիվանագիտական լուծում։ Կալասի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն նաև տարածաշրջանի մյուս երկրները, քանի որ «նրանք Իրանին բոլորից լավ են ճանաչում»։
Կալասին հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստի նաև ԵՄ-ն։
«Նախագահ Թրամփը շատ հստակ արտահայտվել է, թե ինչ է մտածում Եվրոպական միության մասին, սա էլ ձեր պատասխանը», – նշել է նա։
ԱՄՆ-ն ապրիլի 13-ին հայտարարել է, որ շրջափակում է իրանական բոլոր նավահանգիստները։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ շրջափակումը կկիրառվի անխտիր բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից։ Թրամփն էլ սպառնացել է ոչնչացնել ցանկացած իրանական նավ, որը կմոտենա շրջափակման գոտուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում