Վենսը զարմացած չէ Օրբանի պարտությունից․ Politico
Կարդացեք նաև
Politico-ն գրում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հունգարիա և նրա մասնակցությունը Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզարշավին չեն փոխել ընտրությունների ելքը։ Հունգարացի առաջնորդի պարտությունը խորհրդանշական հարված է եղել պոպուլիստական ազգայնականությանը, որը բավականին մեծ աջակցություն ունի ամերիկյան քաղաքական էլիտայի որոշ շրջանակներում։
Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսը նշել է, որ «հիասթափված է Օրբանի պարտությունից, բայց զարմացած չէ»։ Նրա խոսքով՝ Բուդապեշտ կատարած այցն ու քարոզարշավին մասնակցելը ոչ թե հաղթանակ երաշխավորելու նպատակ է եղել, այլ պարզապես ԱՄՆ-ի «վաղեմի դաշնակցին» սատարելու միջոց։
Վենսն ընդգծել է, որ վարչակազմում գիտակցում էին բոլոր ռիսկերը և չէին ակնկալում, թե Օրբանը հեշտ հաղթանակ կտանի։ Նա նկատել է, որ Հունգարիայի վարչապետը տարիներ շարունակ այն եզակի եվրոպացի առաջնորդներից է եղել, որոնք դիմադրել են Բրյուսելի ճնշումներին և միգրացիոն խիստ քաղաքականություն են վարել։
Ինչպես նշում է Politico-ն, Օրբանի պարտությունը հարված էր MAGA քաղաքական ճամբարին, որի համար հունգարացի առաջնորդը երկար ժամանակ «կառավարման այլընտրանքային մոդելի» օրինակ է եղել։ Նրա վարած քաղաքականությունը՝ հատկապես միգրացիայի նկատմամբ խիստ վերահսկողությունն ու գործադիր իշխանության դերի մեծացումը, հաճախ որպես ուղեցույց է դիտվել ԱՄՆ պահպանողական շրջանակների համար։
Պարբերականը նաև գրում է, որ Թրամփի վարչակազմում և նրա դաշնակիցների շրջանում ընտրությունների արդյունքներին բավականին զուսպ են արձագանքել։ Այդուհանդերձ, մի շարք փորձագետներ Օրբանի պարտությունը որակել են որպես Եվրոպայում և ԱՄՆ-ում աջ պոպուլիստական շարժման գաղափարական թուլացում։ Ի հակադրություն սրա՝ որոշ եվրոպացի առաջնորդներ տեղի ունեցածը դիտարկում են որպես Եվրոմիության և դրա կառույցների դիրքերի ամրապնդում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում