Ընդդիմադիր ուժերը, պետք է վերլուծեն նախորդ տարիների քաղաքական պայքարի փորձը․ Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր ուժերը, պետք է վերլուծեն նախորդ տարիների քաղաքական պայքարի փորձը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով․ «Իշխանությունն ընտրական գործընթացները վերածում է վիրավորանքի, զրպարտության և անհավասար մրցակցության դաշտի։ Թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական, բանավեճերի հարթակ, սակայն  իշխանությունը՝ հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցասպարեզի:

ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է։

Ընդդիմադիր ուժերը, պետք է վերլուծեն նախորդ տարիների քաղաքական պայքարի փորձը, ընդունեն սխալները և դրանցից հետևություններ անեն՝ հանրային վստահությունը վերականգնելու համար։

Այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի՝ իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար, մրցակային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ՝ ազատությունից զրկելու ճանապարհով: Ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն քվեարկության օրով, այլև մինչ այդ ձևավորված միջավայրով:

Գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը՝ ոչ լեգիտիմ դարձնելով պրոցեսի էությունը։ ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին և ազգային օրակարգի առաջմղմանը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում