Հայաստանում վերամշակված մսամթերքի գների աճ տեղի չի ունենա

Հայաստանում վերամշակված մսամթերքի գների աճ տեղի չի ունենա

Ռուսաստանի և Մաքսային միության (ՄՄ) անդամ մյուս երկրների արտադրության մսամթերքի ներմուծման արդյունքում Հայաստանում վերամշակված մսամթերքի գների աճ տեղի չի ունենա: Այն կարծիքը նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

«Մեր սպառած մսամթերքի 90%-ը ներմուծվում է, սակայն մեր մսամթերք արտադրող և վերամշակող կազմակերպություններն աշխատում են իրենց հզորության մոտ 30% չափով: Հետևաբար, ներքին շուկայում մսամթերքի գների բարձրացման վտանգ չկա», – տեղեկացրեց Հովհաննես Մկրտչյանը:

Այս տարվա նոյեմբերի 12-ից հայրենական մսամթերք արտադրող և վերամշակվող կազմակերպությունները կրկին հնարավորություն ստացան արտահանել իրենց արտադրանքը ՌԴ և ՄՄ: Ինչպես հավելեց անասնաբուժության տեսչության պետը՝ ներկա պահին Հայաստանը ՌԴ արտահանում կատարելիս դիտարկվում է որպես երրորդ երկիր` ՄՄ անդամ երկրների համեմատ, և, հաշվի առնելով Ռուսաստան մի շարք երկրների արտադրանքի ներմուծման վերաբերյալ սահմանափակումները, տեղական կազմակերպությունները ՌԴ արտահանում կատարելիս պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը:

«Ռուսաստանի շուկայում հիմնականում մեծ պահանջարկ կա խոզի մսից պատրաստված արտադրատեսակների, այնուհետ` երշիկների և նրբերշիկների: Նաև մենք տանում ենք աշխատանքներ ՌԴ թռչնամսի արտահանման շուկան բացելու համար, որը նույնպես պահանջված է ՌԴ-ում», – հավելեց Հովհաննես Մկրտչյանը:

Հայաստանից մսամթերքի արտահանումը ՌԴ ժամանակավորապես արգելվել էր 2007 թ-ին, երբ ՀՀ-ում պաշտոնապես գրանցվեցին խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր: 2009թ. վերսկսվեց ՌԴ ձկնամթերքի արտահանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում