Հայտնի են «Անահիտ» մուլտֆիլմի մրցույթի հաղթողները

Հայտնի են «Անահիտ» մուլտֆիլմի մրցույթի հաղթողները

Հայտնի են «Անահիտ» մուլտֆիլմի կերպարներ նկարելու մրցույթի հաղթողները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Շարմ Հոլդինգից», մուլտֆիլմի ստեղծագործական խումբը նոյեմբերի 7-15-ը հայտարարել էր մրցույթ, որի 5 հաղթողները հնարավորություն կունենան հայտնվել մուլտիպլիկացիոն աշխարհի անտեսանելի կողմում:

Երեխաները պետք է ընտրեին մուլտֆիլմի իրենց ամենասիրելի կերպարին, ինքնուրույն նկարեին նրան և նամակի միջոցով ուղարկեին «Անահիտ» մուլտֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Մրցույթն ավարտվել է: Մուլտիպլիկատորներն ընտրել են լավագույն 5 աշխատանքները, որոնց հեղինակներն են՝ Սվետլանա Գալստյանը /6 տ./, Էլեն Հայրապետյանը /8 տ./, Գեորգի Նազինյանը /12 տ./, Ալեքս Գեմիլյանը /11 տ./ և Արման Մելքոնյանը /11 տ./:

Երեխաները կհետևեն «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի հերոսների տեքստերի ձայնագրությանը, որը չափազանց հետաքրքիր իրադարձություն է: Ձայնագրման ստուդիայում նրանք կտեսնեսն՝ ինչպես են հայտնի դերասաններն ու երգիչները իրենց ձայնով կյանք տալիս մուլտֆիլմի կերպարներին:

Ղազարոս Աղայանի ստեղծագործության առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան և որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրությունը: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:

Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լևոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է:

Երևանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում