Հայաստանն ու Եթովպիան խորացնում են մշակութային կապերը

Հայաստանն ու Եթովպիան խորացնում են մշակութային կապերը

Հայաստանի և Եթովպիայի կառավարությունների միջև կստորագրվի մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Եթովպիայի Հանրապետության հետ մշակույթի ոլորտում պետական մակարդակով համագործակցություն չի ծավալվել: Սույն համաձայնագրի ստորագրումը նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակ­ցությունը մշակույթի ոլորտում և իրավական հիմք ստեղծում դրա հետագա զարգացման համար:

Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա խրախուսել երկու պետությունների տարածքներում գործող մշակութային կազմակերպությունների միջև ուղիղ կապերի հաստատումը, ինչպես նաև իրականացնել երկկողմ և բազմակողմ ծրագրեր, նախագծեր, նախաձեռնություններ և համաձայնագրի պահանջներից բխող այլ գործառույթներ ևս:

Մշակույթի ոլորտում սույն համաձայնագրի առկայությունը թույլ կտա խթանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թատերական, երաժշտական, ժողովրդական խմբերի և անհատ կատարողների, ցուցահանդեսների փոխանակումը, ֆիլմերի փոխանակման միջոցով համագործակցությունը կինոյի ոլորտում, միջազգային փառատոներին և այլ մշակութային միջոցառումներին մասնակցությունը, միմյանց տարածքներում մշակութային և ֆիլմերի շաբաթների կազմակերպումը»,- նշված է հիմնավորման մեջ:

Կողմերը կխրախուսեն համագործակցությունն ազգային թանգարանների, գրադարանների, արխիվների, թատրոնների, ինստիտուտների և մշակութային կենտրոնների միջև՝ խթանելով տեղեկատվութ­յան, փորձի փոխանակումը, ինչպես նաև կարողությունների կառուցումը, աջակցությունը փորձի փոխանակմանը հնագիտության, մարդաբանության, թանգարանների կառավարման, մշակութային արժեքների կոնսերվացման, վերականգնման, գրադարաների, արխիվների, արվեստի և այլ ոլորտներում:

Նախատեսվում է նաև, որ կողմերը կհամագործակցեն մշակութային արժեքների և պատմական ժառանգության ապօրինի տեղափոխման դեմ, ինչպես նաև կխթանեն միմյանց տարածքում կորսված կամ ապօրինի ներմուծած մշակութային և պատմական արժեքների փոխանակումը:

Հայաստանը և Եթովպիան փոխադարձության սկբունքով, պլանավորում են իրենց մայրաքաղաքներում հիմնել մշակութային կենտրոններ, որի համար կստորագրվի առանձին պայմանագիր դրանց իրավական կարգավիճակը և գործունեության պայմաննե­րը որոշելու նպատակով՝ ազգային օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև կստեղ­ծեն համատեղ կոմիտե, որի նիստերը կգումարվեն տարին մեկ անգամ Երևանում և/կամ Ադիս Աբեբայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում