Կարգալույծ Արման Սարոյանի թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել՝ չունենալով դրա իրավունքը. Արա Զոհրաբյան
Կարդացեք նաև
«Դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը նաև ԲԴԽ անդամ է, հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը և Արման Սարոյանի ցանկությունները կատարելը»,- ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից Գարեգին Երկրորդի տնօրինությամբ ազատվելուց հետո կատարած գործողություններին։
Նա նշեց, որ այս ընթացքում իրեն ակնհայտ ապօրինի է պահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, այս ընթացքում նրանք սպասարկել են Արման Սարոյանի քմահաճույքները։
«Սարոյանն ամեն առիթով նամակ է գրում, ասում է՝ ֆեյսբուքյան էջ են բացել, խնդրում եմ արգելեք։ Կարծեք՝ հարկադիր կատարողը դարձել է Արման Սարոյանի անձնական աշխատակիցը։ Այս առումով նամակներ են գրում, ահաբեկում են հոգևորականներին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, իսկ նամակների տակն անպայման գրում են՝ թե չէ քրեական պատասխանատվության կենթարկենք»,- ասաց Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ Արման Սարոյանը դիմել էր դատարան՝ վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ տնօրինությունը. «Հայցի ապահովման միջոց է կիրառել դատարանն ու որոշում կայացրել՝ արգելել պատասխանող Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այլն անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանի՝ որպես թեմի առաջնրոդ լիազորություններ իրականացմանը, այդ թվում ֆինանսական հաշիվների տնօրինությումը»։
Նա նշեց, որ դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, ըստ էությամբ, համարել է, որ սա աշխատանքային վեճ է, նման հայցի ապահովման միջոց է կիրառել։
«Դատարանը վատ վիճակ է ստեղծել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու համար։ Արման Սարոյանը, որը նաև չի հանդիսանում հոգևորական, կարգալույծ է հռչակվել, այսօր բանկային հաշիվներից գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երբ որ նրան զրկել էր պաշտոնից, դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում։ Հարկադիր կատարողը, կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ, լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Այսինքն հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղը, նման լիազորություն տվել։ Եվ այսօր Արման Սարոյանն այդ բանկային հաշիվներին հասանելիությունի ունի, կատարում է գործարքներ և տնօրինում է՝ չունենալով դրա իրավունքը։
Ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա հաշիվներից հանել է, և այդ հաշիվներին բազմաթիվ դրամական միջոցներ կան, մտածում ենք՝ կարող է վատնել։
Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել, դատարանը մերժել է»»,- մանրամասնեց Ա. Զոհրաբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում