Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը
Կարդացեք նաև
Իրանի նոր խաղաղության առաջարկը․ պահանջվում է ԱՄՆ զորքերի դուրսբերում և պատժամիջոցների վերացում-Reuters
19/05/2026 12:45
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը՝ Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարների խնդրանքով։ Հայտնում է BBC news-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի նախատեսված Իրանի դեմ նոր հարվածը հետաձգվում է, քանի որ «այժմ ընթանում են լուրջ բանակցություններ»։
Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ շարունակվող բանակցությունների ընթացքում իրեն դիմել են Քատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը և ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը՝ խնդրելով հետաձգել Իրանի դեմ նախատեսված հարձակումը։
Նրա խոսքով՝ իրեն տեղեկացրել են հնարավոր համաձայնագրի մասին, որը կարող է «լիովին ընդունելի» լինել ԱՄՆ-ի համար։
Թրամփը նշել է, որ հարգելով այդ առաջնորդների խնդրանքը՝ հրահանգել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Զինված ուժերի միացյալ շտաբների պետ Դեն Քեյնին և ԱՄՆ բանակին չիրականացնել վաղվա հարձակումը։ Սակայն միաժամանակ նա հրահանգել է պատրաստ լինել լայնածավալ ռազմական գործողության՝ եթե ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի։
Նա նաև ընդգծել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է բացառի Իրանի միջուկային զենք ունենալու հնարավորությունը։
Իրանն առայժմ հրապարակային արձագանք չի տվել Թրամփի այս հայտարարությանը։
Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկությունները ակտիվացել էին՝ Թրամփի կոշտ հռետորաբանության ֆոնին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Իրանի համար ժամացույցը տկտկում է, և նրանք պետք է շտապեն, հակառակ դեպքում նրանցից ոչինչ չի մնա»։