Կարևոր է բոլորին հստակ բացատրելը, որ պայքարը չի վերջանում հունիսի 7-ով. Կարեն Վրթանեսյան

Կարևոր է բոլորին հստակ բացատրելը, որ պայքարը չի վերջանում հունիսի 7-ով. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ՊԼԱՆ Բ»-ն

Երկուշաբթի գրել էի ամերիկյան ընդդիմության «Պլան Բ»-ի մասին. ինչպես են պատրաստվում դիմադրել, եթե նոյեմբերի խորհրդարանական և նահանգային ընտրություններին Թրամփը խախտի խաղի կանոնները։

Հայաստանում ընտրություններին մնացել է 15 օր և Նիկոլը օրեցօր ավելի լկտիաբար և անթաքույց է հետապնդում քաղաքական մրցակիցներին։

Տրամաբանական է ակնկալելը, որ թե՛ մինչև ընտրությունները, թե՛ հետո ճնշումն ավելի է սաստկանալու։

Այսօր չեմ գրելու ընդդիմության նախորդ 5 տարիների հիմնական սխալների մասին, այդ մասին պլանավորում եմ գրել ընտրություններից հետո։

Բայց կգրեմ այն մասին, ինչը (գուցե) դեռ հնարավոր է շտկել.
Չի կարելի ընտրողների գլխների տակ փափուկ բարձ դնել, թե «Հաստատ հաղթելու ենք Նիկոլին»։ Մարդիկ առանց այն էլ չեն սիրում ընտրությունների գնալ, և #հաղթելուենք ոճով անհարկի գլուխ գովելը լրացուցիչ պատրվակ է, որ մարդիկ իրենց նեղություն չտան։ Հակառակը, պետք է անդադար շեշտել, որ ամեն գնով պետք է գնալ ընտրությունների, այլապես օկուպացիոն վարչակարգը վերարտադրվելու է։

Դեռ չկողմնորոշված ահռելի սեգմենտ կա։ Ուղիղ խոսեք այդ մարդկանց հետ. հանգիստ, առանց մեծամտության, առանց հեգնանքի, առանց բռավադայի։ Համոզե՛ք, որ գնան ընտրությունների։
Մարդկանց պետք է առաջարկել տարբեր սցենարների համար գործողությունների պլաններ. «Պլան Բ», «Պլան Գ» ևն։

Օրինակ՝ ո՞րն է ձեր պլանը, եթե ռեժիմը ընտրություններից օրեր առաջ մրցապայքարից հանի ընդդիմադիր այս կամ այն ուժին։

Օրինակ՝ ո՞րն է ձեր պլանը, եթե Նիկոլը հրաժարվի ընդունել ընտրությունների արդյունքները։
Ի վերջո, ո՞րն է ձեր պլանը Նիկոլի հաղթանակի դեպքում։

Իմ խորին համոզմամբ լրջագույն սխալ է պայքարի հորիզոնը միայն մինչև հունիսի 7-ը գծելը։ Առնվազն մեկ տարվա պլան պետք է ունենալ։

Ցավոք, շատ տարբեր մարդկանցից, թե՛ փողոցում, թե՛ զանազան հանդիպումներին լսում եմ հետևյալ միտքը. «Վերջ, եթե Նիկոլն այս անգամ էլ անցնի, ուրեմն ամեն ինչ կորած է»։ Սա ահավոր բարոյալքող, դիմադրելու կամքը կոտրող մտայնություն է։

Կարևոր է բոլորին հստակ բացատրելը, որ պայքարը չի վերջանում հունիսի 7-ով։ Ավելին՝ պետք է նաև հստակ գիտակցել, որ Նիկոլը դադար չի տալու, չի թողնելու շունչ քաշեք, ուժերը վերադասավորեք ևն, ևն։

Հարգելի ընդդիմադիրնե՛ր, այս մասին է պետք խոսել մարդկանց հետ, որպեսզի պատրաստ լինեն և ամենակարևոր պահին չընկնեն շոկի և հիասթափության մեջ։

Ի՞նչ եմ անելու ես այս օրերին.
Նախ՝ փորձելու եմ հնարավորինս շատ մարդու համոզել, որ մասնակցեն հունիսի 7-ի քվեարկությանը։

Երկրորդը՝ փորձելու եմ հնարավորինս բարձրաձայն գոռալ նիկոլաթուրքական ռեժիմի բռնաճնշումների, ապօրինությունների, հանցանքների մասին։

Երրորդը՝ փորձելու եմ վերջին 5 տարիներին եղած-մոռացած բաներից հիշեցնել ընթերցողներիս։
Զերծ կմնամ ուռճացված սպասումներ առաջացնելուց։
Իսկ դուք ի՞նչ եք պլանավորում անել, պատմե՛ք, ընկերնե՛ր»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում