Այլևս անվճար պաշտպանություն չի լինի․ Հեգսեթի կոշտ ուղերձը դաշնակիցներին

Այլևս անվճար պաշտպանություն չի լինի․ Հեգսեթի կոշտ ուղերձը դաշնակիցներին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Վաշինգտոնը ֆինանսապես աջակցում էր հարուստ երկրների պաշտպանությանը՝ առանց համարժեք փոխադարձ ներդրման։

«Այն դարաշրջանը, երբ Միացյալ Նահանգները սուբսիդավորում էր հարուստ երկրների պաշտպանությունը, ավարտվել է։ Մեզ անհրաժեշտ են գործընկերներ, ոչ թե հովանավորյալներ։ Մենք ձգտում ենք դաշինքների, որոնք հիմնված են ընդհանուր պատասխանատվության, այլ ոչ թե կախվածության վրա»,-ասել է նա։

Հեգսեթի խոսքով՝ դաշինքները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը հավասարապես մասնակցում են դրանց ամրապնդմանը։

«Ուժեղ դաշինք չի կարող լինել, եթե ոչ բոլորը մասնակցեն դրան։ Այլևս անվճար անվտանգության երաշխիքներ չեն լինի։ Դաշինքների արժեքը չափվում է ոչ թե դրոշների քանակով, այլ մարտունակ ստորաբաժանումների թվով»,-ընդգծել է նախարարը։

Նա նաև նշել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ է կենտրոնանալ ռազմական ներուժի մեծացման վրա։

«Մեզ այլևս ավելի շատ համաժողովներ պետք չեն։ Մեզ ավելի շատ մարտական հզորություն է պետք։ Ավելի քիչ քննարկումներ, ավելի շատ նավեր և ավելի շատ սուզանավեր»,- հայտարարել է Հեգսեթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում