Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ

Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու նպատակով, հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ՝ նոր հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու փորձով», – գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։

Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունն առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։

Բանակցությունները առաջ մղելու համար Վաշինգտոնը առաջարկել է, որ որպես առաջին քայլ «Հեզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է զերծ մնա Բեյրութում էսկալացիայից։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դա կստեղծեր տարածք աստիճանական դեէսկալացիայի և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում