ՀՀ-ն կկորցնի իր ինքնությունը, ինչպես կորցրեց իր կոնյակը «կոնյակ» անվանելու իրավունքը․ Վյաչեսլավ Վոլոդին

ՀՀ-ն կկորցնի իր ինքնությունը, ինչպես կորցրեց իր կոնյակը «կոնյակ» անվանելու իրավունքը․ Վյաչեսլավ Վոլոդին

Հայաստանը կկորցնի իր ինքնությունը, եթե միանա Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր կոնյակը «կոնյակ» անվանելու իրավունքը․ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ը Հայաստանին տնտեսական աճ է խոստանում, ինչպես մի ժամանակ խոստացել էր Ուկրաինային։ Սակայն ուկրաինական արտադրանքին երբեք թույլ չի տրվել մտնել եվրոպական շուկաներ, քանի որ այն «անմրցունակ» է։

Միևնույն ժամանակ՝ Վոլոդինն ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է առանձնացվի «իշխող էլիտայից», քանի որ հենց նրանք են «երկիրը տանում դեպի անդունդ»։ Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանը օգնում է և՛ Հայաստանին, և՛ նրա ժողովրդին, բայց դեմ է «ստին և երկակի չափանիշներին» նրանց հարաբերություններում։

«Մենք կողմ ենք միայն ազնիվ, բաց հարաբերություններին և, իհարկե, փոխշահավետ համագործակցությանը։ Բարեկամությունը երկկողմանի փողոց է», – նշել է Պետդումայի խոսնակը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանն՝ հետագայում Եվրամիությանը միանալու համար. սա սպառողական վերաբերմունք է։

«Նրանք հայտարարություններ են անում, որ մենք ցանկանում ենք մնալ ԵԱՏՄ-ում և կառուցել հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ի՞նչ տեսակի հարաբերություններ՝ սպառողակա՞ն։ Մեր երկիրն օգտագործել՝ այս փուլն անցնելու և Եվրամիությանը միանալու համար։ Սա բարոյական չէ», – նշել է Վոլոդինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին և նրա ժողովրդին։ Ռուսական գազը չորս անգամ ավելի էժան է Հայաստանի համար, և Ռուսաստանը նաև շուկա է այդ երկրի համար։

«Բռնեք ու հրաժարվեք։ Եվ բացահայտ այդ մասին հայտնեք քաղաքացիներին։ Եվ միացեք Եվրամիությանը, եթե դա է ձեր բարոյական կողմնացույցը», – նշել է քաղաքական գործիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում