Եվրոպայում NATO-ի գլխավոր հրամանատարը կարող է ստանալ նոր և բացառիկ լիազորություններ

Եվրոպայում NATO-ի գլխավոր հրամանատարը կարող է ստանալ նոր և բացառիկ լիազորություններ

NATO-ի անդամ երկրները քննարկում են առաջարկ, որը Եվրոպայում դաշինքի գերագույն գլխավոր հրամանատարին ավելի մեծ ազատություն կտա օդային սպառնալիքներին արձագանքելու հարցում, հայտնում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ դաշինքի անդամները ցանկանում են հաստատել նախաձեռնությունը մինչև հուլիսի 7-8-ը Անկարայում նախատեսված NATO-ի գագաթնաժողովը։

Առաջարկի համաձայն՝ Եվրոպայում NATO-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը կստանա ավելի լայն լիազորություններ՝ ռազմական պատրաստության մակարդակները սահմանելու և հակաօդային պաշտպանության միջոցները վերաբաշխելու համար՝ առանց անդամ երկրների կառավարությունների պաշտոնական համաձայնությունը ստանալու անհրաժեշտության։

Ներկայումս NATO-ի անդամ պետությունները ինքնուրույն են որոշում իրենց զինանոցում գտնվող սպառազինության կիրառման կանոնները։ Դաշինքի որոշ անդամներ դժգոհություն են հայտնել, որ նման «ազգային վերապահումները» խոչընդոտում են օդային սպառնալիքների արագ և արդյունավետ չեզոքացմանը։

Այս սահմանափակումների վերացման շուրջ քննարկումները շարունակվում են անցյալ տարվա հոկտեմբերից՝ անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ պարբերաբար գրանցվող միջադեպերի ֆոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում