ԱՄԷ-ն կարող է ապասառեցնել Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները․ Reuters
Կարդացեք նաև
Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են Իրանի համար ապասառեցնել միլիարդավոր դոլարների հասնող միջոցներ՝ Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից հետո լարվածության նվազեցմանն ուղղված ոչ պաշտոնական համաձայնության շրջանակում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով մի քանի իրազեկ աղբյուրների։
Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել 10-ից 20 միլիարդ դոլարի, իսկ մոտ 3 միլիարդ դոլարի առաջին փոխանցումն արդեն իրականացվել է։
Աղբյուրների պնդմամբ՝ դրա դիմաց Թեհրանը պետք է դադարեցնի ԱՄԷ-ի տարածքի նկատմամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով հնարավոր հարձակումները։ Կողմերը նաև մտադիր են վերականգնել համագործակցությունը անվտանգության, հետախուզության և տնտեսության ոլորտներում։
Միաժամանակ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք անվանելով «ամբողջությամբ կեղծ և անհիմն»։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ որևէ սառեցված իրանական ակտիվ չի ապասառեցվել կամ փոխանցվել էմիրաթական ֆինանսական համակարգի միջոցով։
Reuters-ի տեղեկություններով՝ քննարկվող մեխանիզմը կարող է լինել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ավելի լայն բանակցությունների մի մասը, որոնք նպատակ ունեն դադարեցնել հակամարտությունը։ Այդ բանակցությունների շրջանակում քննարկվում են նաև արտերկրում գտնվող իրանական ակտիվների ապասառեցման և Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգության ապահովման հարցերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում