ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է վերահսկել ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր միջուկային համաձայնագրի իրականացումը

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է վերահսկել ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր միջուկային համաձայնագրի իրականացումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային էներգետիկային վերաբերող հնարավոր պայմանավորվածությունների կատարման ստուգման հարցում։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

«Գործակալության ամենակարևոր գործառույթը վերահսկողությունն է, և մեր մասնակցությունը շատ կարևոր բաղադրիչ է, որը պետք է առկա լինի»,- Վիեննայում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ընթացքում ասել է Գրոսին։

Նրա խոսքով՝ եթե կողմերը համաձայնության հասնեն և դիմեն ՄԱԳԱՏԷ-ին՝ ստուգման առաքելություն իրականացնելու խնդրանքով, պետք է համապատասխան թույլտվություն ստանալ գործակալության Կառավարիչների խորհրդից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը հունիսի 14-ին պետք է վերջնականացնեն համաձայնագիրը, որի շրջանակում Հորմուզի նեղուցը լիովին կբացվի։ Իր հերթին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նշել էր, որ խաղաղ համաձայնագիրը, հավանաբար, վերջնական տեսք կստանա առաջիկա 24 ժամվա ընթացքում, որից հետո կողմերը կանցկացնեն տեխնիկական մակարդակի բանակցություններ։

Գրոսին դեռ ապրիլին՝ Սեուլ կատարած այցի ընթացքում, առաջարկել էր ՄԱԳԱՏԷ-ի ծառայությունները՝ հնարավոր գործարքի պայմանների ստուգման համար։ Ապրիլի 15-ին նա հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, առանց վերահսկման մեխանիզմների, կմնա պարզապես «թղթի կտոր»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում