Թրամփը Ուկրաինային աջակցությունը կապում է Իրանի հարցում դաշնակիցների համագործակցության հետ․ Politico

Թրամփը Ուկրաինային աջակցությունը կապում է Իրանի հարցում դաշնակիցների համագործակցության հետ․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդներին առաջարկել է գործարք, որի շրջանակում Ուկրաինային շարունակվող աջակցությունը կապվում է Իրանի շուրջ իր նախաձեռնություններին դաշնակիցների մասնակցության հետ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ Թրամփը G7-ի առաջնորդներին հայտնել է, որ Իրանի հետ նախատեսվող «խաղաղ համաձայնագրի» իրականացման համար իրեն անհրաժեշտ կլինի դաշնակիցների աջակցությունը, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում։ Փոխարենը եվրոպական երկրները ակնկալում են, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային և կպահպանի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։

«Թրամփը G7-ի առաջնորդներին հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի իրականացման համար իրեն անհրաժեշտ կլինի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցի ականազերծման գործում։ Փոխարենը եվրոպական երկրները սպասում են, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», — նշում է Politico-ն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ փակ քննարկումների ընթացքում Թրամփը զգալիորեն ավելի պատրաստակամ է եղել փոխզիջումների, քան հրապարակային ելույթներում։ Նա հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը, իսկ դրա դիմաց խոստացել է պահպանել աջակցությունը Կիևին։

«Դիվանագետներից մեկի խոսքով՝ Թրամփը G7-ի առաջնորդներին հավաստիացրել է, որ կմնա Ուկրաինայի կողքին»,-փոխանցում է պարբերականը։

Եվրոպական առաջնորդները, որոնք մտահոգված էին Ուկրաինային ամերիկյան աջակցության հնարավոր կրճատմամբ, դրական են արձագանքել այդ հայտարարություններին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ ստեղծված իրավիճակում տեսնում է «որոշակի լավատեսության հիմքեր»։

Միաժամանակ, Politico-ի զրուցակիցների գնահատմամբ, այդ լավատեսության գինը կարող է լինել եվրոպական երկրների ավելի ակտիվ ներգրավվածությունը Իրանի շուրջ ձևավորվող գործընթացներում։

«Կա շատ ուժեղ ակնկալիք, որ նա կլինի Ուկրաինայի կողքին։ Դա հենց այն է, ինչ նա ասել է առաջնորդներին»,-Politico-ն մեջբերում է դիվանագետներից մեկի խոսքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում