Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) այսօր բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։

Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։

Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ.

-Ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։

-Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։

-Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։

Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում