Իրանը բացում է նավթային ոլորտը միջազգային ներդրումների համար
Կարդացեք նաև
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի կնքումից հետո երկրի նավթային ոլորտը դարձել է համաշխարհային տնտեսության մեջ ներդրումների և միջազգային պայմանագրերի համար «ամենախոշոր հարթակներից մեկը»։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։
«Համաձայնագրից հետո Իրանի նավթարդյունաբերությունը համաշխարհային տնտեսության համար դարձել է ներդրումային հնարավորությունների, ինչպես նաև տեխնիկական և ֆինանսական գործընկերության ամենախոշոր հարթակը։ Եթե համաձայնագրի արևմտյան շահառուները հավատարիմ մնան դրա ոգուն, ապա Իրանի նավթային արդյունաբերությունը նրանց համար կդառնա լայն հնարավորությունների ոլորտ», — նախարարի խոսքերն է փոխանցում Shana-ն։
Փաքնեժադի խոսքով՝ արդեն ուսումնասիրվել են հարյուրավոր ներդրումային առաջարկներ, իսկ երկիրը մշակել է համագործակցության պայմանագրերի, ինչպես նաև տեխնիկական և գործառնական գործընկերության համապատասխան ձևաչափեր։
«Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ քննարկել համագործակցության առաջարկները և դրանք հասցնել պայմանագրերի կնքման փուլ», — նշել է նա։
Նախարարի խոսքով՝ Իրանում արդեն ընտրվել են հարյուրավոր տեղական ընկերություններ և նախաձեռնող խմբեր, որոնք կարող են դառնալ օտարերկրյա ներդրողների գործընկերները երկրի ներսում։ Նա հավելել է, որ Նավթի նախարարությունը պատրաստ է արագորեն ձևավորել աշխատանքային խմբեր՝ ներդրումների ներգրավման և նոր նախագծերի զարգացման նպատակով։
«Իրանի նավթային արդյունաբերությունը, որը չհաջողվեց կոտրել նույնիսկ 40-օրյա ռազմական գործողությունների ընթացքում, շարունակելու է իր ուղին արժանապատվությամբ և զգոնությամբ։ Եթե օտարերկրյա կապիտալը գա, մենք պատրաստ կլինենք, իսկ եթե ոչ՝ մենք՝ իրանցիներս, շարունակելու ենք զարգացնել մեր հայրենիքը՝ առանց կանգ առնելու», — հայտարարել է Փաքնեժադը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում