Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ) տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Axios պորտալում հրապարակված հոդվածում, որը հղում է կատարում սեփական աղբյուրներին։
«Գագաթնաժողովին ներկա երկու պաշտոնյա հայտնել են, որ Թրամփը հայտնել է իր հիասթափությունը Պուտինի վերաբերյալ և նույնիսկ հասկացրել է, որ կարող է հրաժարվել Անքորիջի պայմանավորվածություններից, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն համաձայնել էր Ռուսաստանի այն պահանջին, որ նա կվերահսկի Դոնբասը ցանկացած պայմանավորվածության շրջանակներում», — ասված է հոդվածում։
Հրատարակության զրուցակցի տեղեկատվությամբ՝ չնայած Թրամփի թերահավատությանը, «[G7-ի] մյուս առաջնորդները չեն հավատում, որ նա իրականում որևէ քայլ կձեռնարկի այդ ուղղությամբ»։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները Անքորիջում Ուկրաինայում կարգավորման շուրջ վերջնական պայմանավորվածությունների չեն հասել։ Նրա խոսքով՝ «Ալյասկայում համաձայնագիր չի եղել, Ալյասկայում եղել է առաջարկ»։ Դրանից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել հստակություն մտցնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ։ «Իհարկե, պետք է հստակություն մտցնել ամբողջ այս իրավիճակի մեջ։ Բայց փաստը մնում է փաստ, որ Ալյասկայում քննարկվել են ԱՄՆ-ի առաջարկները, որոնք ընդունվել են ռուսական կողմից», — նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում