Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին․ Սուրեն Սարգսյան
Կարդացեք նաև
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աննախադեպ ակտիվությանն ու TRIPP նախագծի իրագործման հնարավորություններին։
«Բազմիցս նշել եմ, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում և, ինչու չէ, նաև Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության և ներգրավվածության մակարդակի, ինչպիսին չի հաջողվել ապահովել ԱՄՆ որևէ վարչակազմի՝ սկսած 1992 թվականից։ Իհարկե, դրա պատճառը միայն աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանները չեն։ Բնականաբար, իր ազդեցությունն ունի նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, ինչի հետևանքով նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում էապես թուլացել են։ Նույնը վերաբերում է նաև Իրանին: Այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել Թրամփի վարչակազմի առավել ակտիվ դերակատարության համար այս տարածաշրջանում»,- նշել է Սարգսյանը։
Միջազգայնագետն ընդգծել է, որ առկա են նաև երկու առանցքային գործոններ, որոնք այս գործընթացը դարձրել են աննախադեպ արագ և արդյունավետ․
«Առաջին գործոնը՝ Սթիվ Վիտկոֆն է։ Ըստ առկա տեղեկությունների՝ TRIPP-ի ճարտարապետներից մեկը հենց Սթիվ Վիտկոֆն է։ Կենտրոնական Ասիան հենց TRIPP-ի միջոցով Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու գաղափարը նույնպես վերագրվում է նրա թիմին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունի, այլև կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Վիտկոֆն ուղիղ կապ ունի Թրամփի հետ, ինչի արդյունքում բյուրոկրատական և սուբորդինացիոն խնդիրներ չեն ծագել նախագծի առաջնային փուլում: Իր հերթին հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասում ազդեցություն պահպանելու նրա կարևորագույն լծակներից՝ հակամարտության շարունակական գոյության վրա խաղալու հնարավորությունից»։
Որպես երկրորդ կարևոր գործոն Սուրեն Սարգսյանը մատնանշել է Թրամփի վարչակազմի կառավարման ոճը, որը աչքի է ընկնում բյուրոկրատական գործընթացների զգալի կրճատմամբ՝ մանավանդ կենսական նշանակության խնդիրների կյանքի կոչման հարցում․
«Որոշումների կայացման գործընթացներն ընթանում են հնարավորինս արագ՝ առանց ավանդական բյուրոկրատական ձգձգումների, ինչը թույլ է տալիս օպերատիվորեն առաջ մղել նման մասշտաբային աշխարհաքաղաքական նախագծերը և լուծումներ տալ դրանց: Այս համատեքստում կարևոր դեր ունի նաև այն, որ նախագահ Թրամփն անձամբ է ներգրավված գործընթացներում։ Միաժամանակ, Մարկո Ռուբիոն ղեկավարում է ոչ միայն Պետդեպարտամենտը, այլև Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքը, ինչը նպաստում է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համակարգերի առավել սերտ համակարգմանը։ Արդյունքում, տարբեր գերատեսչությունների միջև մրցակցությունն ու երկարատև միջգերատեսչական համաձայնեցումները նվազագույնի են հասցվում, իսկ որոշումների ընդունումն ու իրականացումը դառնում են ավելի արագ և արդյունավետ։ Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմի առանցքային անդամները երբեք չեն եղել բյուրոկրատներ։ Հենց այդ հանգամանքն է նրանց հնարավորություն տալիս հասկանալու, թե որքանով է բյուրոկրատիան բարդացնում քաղաքական որոշումների ոչ միայն կայացման, այլ նաև կյանքի կոչումը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հրատապ և ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր են։ Այս առումով այս վարչակազմը շահեկանորեն տարբերվում է նախորդ՝ առանց բացառության բոլոր վարչակազմերից»։
Միջազգայնագետը եզրափակել է, որ սրանք առանցքային, բայց ոչ բոլոր գործոններն են, և կան նաև մի շարք խանգարող հանգամանքներ, որոնց կանդրադառնա առանձին գրառմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում