Հայաստան․ եվրոպամետ հայտարարությունների և քաղաքական իրականության բախումը. Արթուր Դանիելյան

Հայաստան․ եվրոպամետ հայտարարությունների և քաղաքական իրականության բախումը. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է. «Ավտորիտար «եվրոպամետությունը»

Զավեշտ կա այն փաստում, որ Հայաստանը, իր՝ Եվրամիությանը միանալու նկրտումների մասին սկսել է առավել բարձրաձայն խոսել այն պահին, երբ հայ հասարակության մեջ Եվրամիության հետ կապված ամեն ինչ առավել արժեզրկված է: Տարիներ շարունակ կար արմատացած կարծրատիպ, որ ԵՄ-ն խորհրդանշում է՝ որակի նշաձողեր, թափանցիկ ու արդյունավետ վարչարարություն, քաղաքական պատասխանատվության մշակույթ, իշխանության թևերի հավասարակշռություն, ժողովրդավարական մեխանիզմների ամրություն, մարդու անքակտելի իրավունքների պաշտամունք: Վերջին երկուսն այնքան էին ֆետիշացվում, որ դարձել էին «եվրոպական արժեքներ» կոչեցյալի համապարփակ խորհրդանիշ:

Մինչդեռ, ԵՄ-ին իբր թե ձգտող, բայց իրականում աշխարհաքաղաքական աճպարարությամբ զբաղվող ՀՀ ներկայիս իշխանությունները հենց այդ նույն եվրոպական վերլուծական կենտրոնների զեկույցների համաձայն հաջողացրել են պատմական բարձրունքներ գրավել հենց անմխիթար վարչարարությամբ, պետական միջոցների մսխմամբ, կաշառակերությամբ և պետական ինստիտուտների տապալմամբ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ իշխանությունների «նվաճումները» ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Բավարար է նշել, որ այս իշխանությունների կառավարման արդյունքում թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության կողմից փաստացի արձանագրվել է համապետական ոչ լեգիտիմ ընտրություններ:Գերմարդկային իրավունքներ

Ներկայիս Հայաստանում մարդու իրավունքների իբր պաշտպանությամբ զբաղվող տարատեսակ ՀԿ-ները և պետպաշտոնյաները դարձել են ընդամենը քարոզչական գործիքներ, որոնք ըստ քաղաքական հայեցողության որոշում են՝ ով է մարդ և ով մարդ չէ, և ըստ այդմ՝ ով պիտի զրկվի բոլոր իրավունքներից և ով պիտի ստանա անքննելի գերմարդկային իրավունքներ: Այս ընտրողական «գերմարդասիրությունը» երեսպաշտությամբ քողարկվում է աշխարհաքաղաքական պրագմատիզմի ներքո, որը սակայն գաղափարախոսական հարթության մեջ արժեզրկում է այն ԵՄ-ն և իր ենթադրյալ արժեքները, որին իբր թե ձգտում է ներկայիս Հայաստանը: Ընդ որում արժեզրկման գլխավոր գործոնն այն փաստն է, որ բոլոր հիշյալ երևույթները տեղի են ունենում եվրոպական պաշտոնյաների ծափողջույնների ներքո, որոնք իրենց կլեպտոկրատական դրսևորումներով գրեթե չեն զիջում իրենց հայաստանյան գործընկերներին:

Մարդասիրության կնճռոտ ճանապարհը
Ճակատագրի հեգնանք կա այս ամենում: Ամերիկյան գաղութացումից վերջապես ազատվել և հերթական անգամ մեկ միացյալ Եվրոպա ստեղծել փորձող կառույցները մի կողմ են դրել Եվրոպայում ստեղծված ժողովրդավարական ու մարդու իրավունքների սրբադասման գաղափարախոսությունները և գործում են հենց Ամերիկայում՝ 19-րդ դարի վերջում ծնունդ առած «պրագմատիզմի» տրամաբանությամբ: Սա առավել ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ պրագմատիզմը, որպես մտքի դպրոց, եզակի գաղափարներից է, որ Եվրոպայում չի սկիզբ առել, ի տարբերություն դեմոկրատիայի, սոցիալիզմի, կոմունիզմի, ֆաշիզմի ու նացիզմի, ստոիցիզմի ու նիհիլիզմի և մնացած բազմաթիվ «իզմերի»: Սրանք բոլորը կարելի է համարել «եվրոպական արժեքներ»: Միայն մարդու իրավունքներն ըստ երևույթին չի կարելի համարել զուտ եվրոպական գյուտ, այն ավելի շատ հնդեվրոպական քաղաքակրթության ծնունդ է, քանի որ ի հայտ է եկել մ.թ.ա. 539 թվականին Պարսկաստանում՝ Կյուրոս Մեծի օրոք:Կյուրոսին չհաջողվեց ռասայական խտրականության բացառման, կրոնական ազատության և ստրկատիրական համակարգի վերացման իր գաղափարները հասցնել Եվրոպա, քանի որ Եվրոպան որպես այդպիսին դեռ չկար, իսկ իր լուսավորչական ճանապարհի դեմն առած հին հույներն այլ՝ ավելի ամերիկյան, ասել է թե՝ «պրագմատիկ» պատկերացումներ ունեին վերոհիշյալ չարիքների մասին: 300 սպարտացիները, ինչպես հայտնի է, հրապուրված չէին ստրուկներին, կանանց և այլազգիներին իրենց հավասար մարդ համարելու գաղափարով:

Մոտ 500 տարի անց պարսից լուսավորչական գաղափարները այնուամենայնիվ ներթափանցեցին դեռ բեղմնավորման փուլում գտնվող Եվրոպա: Գիտակցելով Հռոմեական կայսրության տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը՝ Կայսր Կոնստանտինը որոշեց որդեգրել Քրիստոսի ուսմունքը՝ որպես Հռոմեական կայսրության գլոբալիստական գաղափարի հենարան: Ուսմունքն իհարկե իր արմատներով սերում է սեմական Հին կտակարանից, այնուամենայնիվ Քրիստոսի աստվածային էության մասին առաջինը վկայակոչեցին հենց պարսից մոգերը, ինչը բուն Հուդեայում, մեղմ ասած, չընդունվեց:

Եվրոմիության մեկնարկը 301 թվին

Հին Հնդկաստանի, Պարսկաստանի և Հունաստանի դիցաբանական առասպելներն իր մեջ կլանած և դրանով իր էությամբ հնդեվրոպական դարձած քրիստոնեությունը այն հենարանն էր, որի շնորհիվ Կոնստանտինը կարողացավ հիմք դնել Եվրոպայի միավորմանը: Ինտեգրացիոն նոր համակարգն իր առաջին կիրառական փորձարկումն անցավ հենց Հայաստանում, որտեղ, Կեսարիայից ժամանած, պարթև Գրիգոր Լուսավորիչը, պարթևական Արշակունիների տոհմի հետ միասին հայերին ներառեց Հռոմի արտաքին քաղաքական նոր հայեցակարգի մեջ:

Նախաքրիստոնեական Հռոմը բավականին հանդուրժող էր կրոնական այլընտրանքային հոսքերի հանդեպ, սակայն կելտերի ու գալերի, վանդալների ու գերմանների, հույների ու ասորիների, պարթևների ու հայերի և բազմաթիվ այլ ազգերի ինտեգրումը միացյալ Եվրոպայի մեջ առանց մեկ ինստիտուցիոնալ գաղափարախոսության հնարավոր չէր դառնում, և սա ինքնին գոյաբանական սպառնալիք էր՝ հին, նվաճողական ռազմավարությունը սպառած կայսրության համար:

Հռոմի պատրիկները չէին ուզում համակերպվել այն մտքի հետ, որ հանուն կայսրության հարատևության, իրենց լեգիոններում տասնամյակներ ծառայած և զորահրամանատարի կոչմանը արժանացած, գերմանացի Արմինուսը պիտի Հռոմում այն նույն իրավունքներն ունենա, որ իրենց զավակները ստանում էին պարզապես ծնվելով: Շարքային գալը չէր հասկանում, թե ինչու նրանք պետք է հարկ մուծեն, որպեսզի կառուցվեն որակյալ ճանապարհներ, մանավանդ, եթե դրանք բոլորը տանում էին Հռոմ: Այս երկու ռազմավարական խնդիրների լուծման բանաձևը առաջարկել էր քրիստոնեությունը, օրինակ՝ հայտնի հարսանիքից հետո նվեր ստացված օծանելիքի արդյունավետ շահագործման շուրջ ծագած Հուդայի և Հիսուսի հայտնի բանավեճի շրջանակներում: Հիշյալ բանաձևը կայսրությանը կցեց Հայաստանը, իսկ հետո՝ ողջ Եվրոպան և Մերձավոր Արևելքը, իսկ կայսրության կառավարման բանալիները հետագայում սկսեցին փոխանցվել նաև գերմանացի Արմինիուսի ժառանգներին, ֆրանկերին, իբերիացիներին, հույներին, սկանդինավներին և բազմաթիվ այլ ազգերի, որոնց շարքերում էին նաև հայերը:

Եվրոպան՝ ասֆալտ և Միքելանջելո

Իմ համար եվրոպական արժեքներ կոչեցյալը երկու հարթության մեջ են պարփակված: Եթե կարճ, ապա դա ճանապարհներն են ու Միքելանջելոն: Ճանապարհները, դրանց որակը, տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակությունը որպես հանրային միջոցների կառավարման արդյունավետության խորհրդանիշ և Միքելանջելոն, կամ Ջորդանո Բրունոն, կամ ցանկացած այլ արվեստագետ ու գիտնական, որոնց տրվել են հիշյալ հանրային միջոցները, որպեսզի իրենց ստեղծագործությունների ու գյուտերի միջոցով մեզ բոլորիս մոտեցնեն Աստծուն՝ լոգոսին: Եվրոպացի են եգիպտական Ալեքսանդրիայի գրադարանի ստեղծողները, սիրիական Անտիոքի հոգևորականները, հայկական Մատենադարանի հայրերը: Եվրոպացին դա այն մարդն է, ով իր հացից կտրում է մի որոշ տոկոս, որպեսզի կառուցի որակյալ և արդյունավետ ճանապարհներ, ֆինանսավորի գիտնականներին ու արվեստագետներին, որպեսզի վերջիններս մեզ հասցնեն լոգոսին՝ Աստծուն, այն տիեզերական խաղաղությանը, որն իջնում է անտառաճանաչ բարբարոսի վրա, երբ նա առաջին անգամ տեսնում է Միքելանջելոյի Պիետային:

Հայության դավադրություն

Այս ձգտումն էր իմ նախնիներին դրդել 1700 տարի առաջ ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն և դառնալ Եվրոպայի պաշտպանության առաջին սահմանագիծը: Այս ձգտումն էր իմ նախնիներին դրդել 1500 տարի առաջ սեփական զորքով պաշտպանել Հռոմի ադրիատիկ ափը և այնտեղ տաճարներ կառուցել: Հիշյալ ձգտումն էր իմ նախնիներին 1000 տարի առաջ դրդել բացել Անտիոքի դարպասները առաջին խաչակիրների համար և թույլ տալ Եվրոպային մուտք գործել իր համար կենսական նշանակություն ունեցող Մերձավոր Արևելք: Այս ձգտումն էր իմ նախնիներին դրդել ազատել Բոլդվին Երկրորդին գերությունից և օգնել նրան ազատագրել Երուսաղեմը: Այս ձգտումն էր իմ նախնիներին 900 տարի առաջ դրդել օգնել Անժույի դքսերին զբաղեցնել Անգլիայի գահը և իրենց վստահել Կիլիկիայի գանձարանը մեր պետության անկումից հետո: Այս ձգտումն էր իմ նախնիներին դրդել ծառայել Նապոլեոնին և իր թիկնապահները հանդիսանալ, ինչպես նաև միջնորդել, որպեսզի Նապոլեոնը և ռուս կայսր Պավելը դաշինք կնքեն (սրա համար մենք դաժանորեն պատժվեցինք հարյուր տարի անց):

Հայերն էին օժանդակել Նոբել եղբայրներին ստեղծելու եվրոպական նավթարդյունաբերությունը Բաքվում, որի հիման վրա հիմնադրվեց Նոբելյան մրցանակը: 1921-ին Գարեգին Նժդեհի գործողությունները թույլ տվեցին տապալել տրոցկիստներին Մոսկվայում և թույլ չտալ Եվրոպայի տապալումը արնախում ու անաստված կոմինտերնի կողմից: ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմիսար Անաստաս Միկոյանն էր այն մարդը, որ 1939-ին հասավ նրան, որ Գերմանիայի և Սովետական Միության միջև կնքվեց համապարփակ առևտրի համաձայնագիրը, որը պիտի թույլ չտար, որպեսզի Եվրոպայում ավերիչ պատերազմ սկսվեր: Ցավոք պատերազմը սկսվեց, ավիրեց Եվրոպան ու դարձրեց այն ամերիկյան գաղութ:

Հիմա, 2026 թվականին, երբ Եվրոպան կրկին փորձում է իր կենսական շահերը ամրապնդել Մերձավոր Արևելքում, նորից Սյունիքն է դառնում կայսրության դարպասներից մեկը, և նորից մենք ենք՝ հայերս, որ դրա համար շատ թանկ գին ենք վճարում:Անկախ նրանից, թե ինչ աճպարարությամբ է զբաղվում օտարերկրյա դավադրությամբ երկրի ղեկավար կարգված գործակալական ցանցը Հայաստանում, հայերը շարունակում են ենթագիտակցորեն ձգտել կայսրության ազատագրմանը և միավորմանը, մինչդեռ կայսրությունը, ինչպես հաճախ եղել է պատմության ընթացքում, մոլորված լինելով սեփական երեսպաշտության մեջ, չի կարողանում կողմնորոշվել՝ վերջը ճիշտը «պրագմատիզմի» անվան տակ սեփական բյուջեն թալանե՞լն է, թե՞՝ «լոգոսը»: Երեսպաշտ, թալանչի, կաշառակեր Շառլ Միշե՞լն ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՞, թե՞՝ այնուամենայնիվ Միքելանջելոն:

Քանի դեռ եվրաչինովնիկները թույլ կտան, որ անհասկանալի վերպետական կորպորացիաներից ֆինանսավորվող «կանաչները» փակեն գերմանական միջուկային կայանները և փլուզեն արդյունաբերությունը, քանի դեռ այդ «կանաչները» կոչնչացնեն Ֆրանկոյի կառուցած ջրամբարները ու ավերիչ ջրհեղեղներ կբերեն Իսպանիայում, քանի դեռ «աջերը» այդ ամենում գաղութատերերի փոխարեն կմեղադրեն միգրանտներին, քանի դեռ գերմարդասիրական եվրոպամետության անվան տակ Հայաստանում կպահպանվի ավտորիտար օկուպացիոն վարչակազմը, Եվրոպան մնալու է ստրկության մեջ և դանդաղ փլուզվելու է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում