«Թունջելի օրինագիծը չի անցնի, այն նաև քրդերի սրտով չէ». Հակոբ Չաքրյան
Նմանատիպ
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Սեբահաթ Թունջելի խորհրդարան ներկայացրած օրինագիծը որևէ կապ չունի Թուրքիայի իշխանությունների հետ, ուստի այն չի մտնի Մեջլիսի օրակարգ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե պատգամավորի այս քայլը հնարավոր է տեղավորվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում թուրքական անակնկալ քայլերի տրամաբանության մեջ: Մի բան, սակայն, լավ է՝ օրինագիծը թեև մերժվի, Հայոց ցեղասպանության հարցը կմնա Թուրքիայի օրակագում և կնպաստի դրա վերարծարծումների ակտիվացմանը, այսինքն՝ ավելի հանդուգն կլինեն այն մարդիկ, ովքեր կցանկանան արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, քանի որ Թուրքիայի խորհրդարանն այդ հարցը քննարկել է: Այսօր ըստ թուրքագետի, անտրամաբանական կլինի այն մարդկանց, մասնավորապես՝ մտավորականների ձերբակալությունները, ովքեր կխոսեն Հայոց ցեղասպանության օգտին, երբ կա նախադեպ՝ պատգամավորն է խոսել այդ խնդրից:
«90-ական թվականներին Թուրքիայում «Ցեղասպանություն» բառը, ավելին՝ Ց տառն արտասանելը հանցագործություն էր և հետապնդվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը հիմա ուժի մեջ է, բայց չի կիրառվում: Հիմա գործը հասել է նրան, որ խորհրդարանական որևէ կուսակցության ներկայացուցիչ կարողանում է դիմել Թուրքիայի խորհրդարան ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով օրինագիծ ընդունելու առաջարկով: Այսինքն՝ Հայկական հարցը, որի վրա Թուրքիայում տաբու էր դրված, արդեն իսկ ճեղքվածք է տալիս»,- շեշտեց Չաքրյանը:
Ի դեպ, չնայած ՀՀ -ում բոլորը Թունջելին ներկայացնում են քուրդ, սակայն, թուրքագետի կարծիքով՝ առոգանությունը քրդի չէ, ծնվել է Մալաթիայում, կուսակցությունն էլ քրդական չէ, պարզապես քրդերն են այդտեղ շատ: Այս համատեքստում թուրքագետն ակնարկեց, որ Թունջելի օրինագիծն այնքան էլ քրդերի սրտով չէ, քանի որ կուսակցության կայքում օրինագծի մասին ամբողջական ինֆորմացիա չկա, իսկ ինչպես նշեցինք՝ այստեղ ավելի շատ քրդեր են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սեբահաթ Թունջելի նախագծում անդրադարձ է կատարվում Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործություններին և բացի Հայոց Ցեղասպանությունից, խոսվում Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին: Պատգամավորն առաջարկում է մեկ տարվա ընթացքում ստեղծել ճշմարտությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով, բացել թուրքական պետական արխիվները, սգո օր սահմանել ողբերգական իրադարձությունների օրը, տրամադրել բարոյական և նյութական փոխհատուցում: Եվ որ ամենակարևորն է՝ Էրդողանը խորհրդարանի ամբիոնից պաշտոնապես պետք է ներողություն խնդրի, մասնավորապես՝ հայերից:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, թուրքագետ Հակոբ Չաքրյանն ընդգծեց, թե նախևառաջ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն. «Առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման բացված սահմանը նույն արագությամբ էլ կարող է փակվել: Անհրաժեշտ է միջպետական հարաբերությունների հաստատում, այս դեպքում սահմանն ինքնըստինքյան բացվում է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում