Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

Հորմուզի նեղուցում լարվածության սրումը կանխելու համար հատուկ կապուղի է ստեղծվել, և այն արդեն գործում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մոհամմեդ ալ-Անսարիին։

«Ստեղծվել է կապուղի այդ նպատակների (խմբ.՝  հակամարտությունների կանխման) համար, որն օգտագործվել է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած էսկալացիայի զսպման համար…. Այդ կապուղին ստեղծված է և գործում է», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հակամարտությունների լուծման մեխանիզմների վերաբերյալ հարցին։

Դիվանագետը տեխնիկական մանրամասներ չի հայտնել այդ կապուղու աշխատանքի վերաբերյալ։Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը  նաև հայտնել է, որ Դոհան գործընկերների հետ քննարկում է տարածաշրջանային երկխոսություն անցկացնելու հնարավորությունը Թեհրանի մասնակցությամբ։

«Մենք աշխատում ենք մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ քննարկելով, թե ինչպես հասնենք այն պահին, երբ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի համար նպատակահարմար կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ և բացահայտ քննարկել իրենց մտահոգությունները», – ասել է ալ-Անսարին։

Նա նաև հայտարարել է, որ ամերիկա-իրանական անուղղակի բանակցությունների կողմերն առայժմ առաջընթացի չեն հասել 6 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում