ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն նախատեսում են 140 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի․ Le Figaro

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն նախատեսում են 140 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի․ Le Figaro

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը նախատեսում են 2026 և 2027 թվականներին Ուկրաինային ընդհանուր առմամբ 140 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 8-ին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում մասնակից երկրները կստանձնեն պարտավորություն՝ Ուկրաինային յուրաքանչյուր տարում՝ 2026 և 2027 թվականներին, հատկացնել 70-ական միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։

Le Figaro-ն նշում է, որ այդ գումարի մեջ ներառված է նաև 60 միլիարդ եվրոն, որը Եվրամիությունն արդեն պարտավորվել է տրամադրել Ուկրաինային 2026–2027 թվականներին։

Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 7–8-ին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում, որի վերջնական տարբերակը դաշնակիցները նախատեսում են համաձայնեցնել հուլիսի 3-ին, ներառված կլինի նաև ձևակերպում, ըստ որի՝ Ռուսաստանը սպառնալիք է եվրատլանտյան անվտանգության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում