Իշխանությունը փորձում է դիմադրության օջախները ոչնչացնել. Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
Բոլորին ակնհայտ է՝ սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացներից:
Նրա խոսքով՝ իշխանությունը գողացավ ԲՀԿ ձայները, իսկ հիմա էլ նման մեթոդներով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը:
Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը այս ձևով փորձում է հաստատել մեկ անձի իշխանություն՝ գիտակցելով, որ զուրկ է լեգիտիմությունից:
«Նման կերպ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, գործիչների հետապնդմամբ փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու, դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար։
Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, չունի սրբություն, կարմիր գիծ, իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, պետք է ինստիտուցիոնալ, համակարգված դիմադրություն, բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները մեր երկրի համար մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղեն իրենց ջանքերը, կազմակերպեն դիմադրություն ու հասնենք փոփոխության»,-նշել է նա։
Սաղաթելյանն ասել է, որ եթե նախորդ վեց տարվա ընթացքում իրենք ունենային մի շրջան, երբ որ դաշտի բոլոր ուժերն անխտիր այս նպատակի շուրջ միավորեին իրենց ջանքերը, այս օրը չէինք հասնի. «Այս ժամանակահատվածում տարբեր միավորներ առանձին-առանձին պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեին։ Ճանապարհը մեկն է՝ համակարգված դիմադրություն այս գործող հանցավոր ռեժիմի դեմ»։
Նա ընդգծել է, որ մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը, առնվազն խորհրդարանական, հրաժարավում է փողոցային պայքարից. «Եվ հանրահավաքներ են լինելու, և փողոցային պայքար, խնդիրն է՝ երբ, ինչ կառուցվածքով, ինչ ուժերով։ Այդ քննարկումները շարունակվում են»։
Իշխան Սաղաթելյանն նշել է, որ Հայաստանում ազգային մտածողություն ունեցող մարդը հետապնդվում է, ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, հետապնդվելու է, այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման հետ, կապ չունի՝ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ, ինչ-որ պահի, եթե սրանք մնան իշխանության, հայտնվելու է այս ամենի մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում