Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը․ Արտակ Զաքարյան
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ Դեռևս երկու շաբաթ առաջ գրել էի, որ չնայած ԱՄՆ-Իրան ստորագրված հուշագրին՝ իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն որպես գերտերություն՝ չի ցանկանա նահանջել այս տարածաշրջանում ունեցած իր ռազմավարական նպատակներից ու ծրագրված գլոբալ մտահաղացումից: Ի վերջո, հո Իսրայելի «սիրուն աչքերի համար» չի՞ հարվածում ԱՄՆ-ը: Փաստացի, ոչ միայն ԱՄՆ-ի ու Իսրայելի, այլ նաև Պարսից ծոցի այլ երկրների շահերը ժամանակի այս փուլում համընկել են:
Այս ամենի հետ մեկտեղ, եթե ընդունենք ի գիտություն, որ Իսրայելն իր լոբբիստական մեծ կարողություններով շարունակում է պնդել Իրանի միջուկային ծրագրի անընդունելի լինելը, ապա սկսված բանակցությունների ընթացքը (որքանով, որ հասանելի է)՝ դեռևս հուսադրող չի դառնում:
Ահա այսպիսի պատերազմավտանգ «բանակցություններ» են ընթանում հայտարարված 60-օրյա հրադադարի ժանանակ:
Վերջերս մի առիթով գրել էի, որ ՌԴ-ՆԱՏՕ բաց պատերազմի շունչն արդեն նկատելի է եվրոպական տարածաժրջանի մի շարք երկրների գործողություններում: Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համատեղ հայտարարություններից ու հետագա գործընթացից պետք է հետևություններ անել:
Վերլուծելով փոփոխվող աշխարհում առկա կոնֆլիկտների վերսկսման ու փոխկապակցված շահերի բախման հավանականությունները՝ չի բացառվում, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական զարգացումները շղթայական ռեակցիայով ավելի լայն էսկալացիա ունենան:
Աստված մի արասցե, այս ամենը որևէ կերպով իրականություն դառնան… Եվ ո՞րն է լինելու Հայաստանի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չներքաշվող չեզոքության երաշխավորը: Եվրոպա՞ն, Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ը՞, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը թե՞ սեփական հասարակությունն անվերջ պառակտող ու ներքին «թշնամու» կերպարներ հորինող Փաշինյանը:
Այս ամենի, մեր երկրի ու ժողովրդի ապագա անելիքների մասին լրջորեն մտածել է պետք: Նաև ի նկատի ունենաք, որ հայկական համայնքներ ունենք վերոնշյալ տարածաշրջաններում:
Հ.Գ. Ինձ երբեմն ասում են, իսկ գուցե ծայրահեղացնու՞մ եմ իրավիճակը, և իրականում լրջորեն անհանգստանալու բան չկա : Տա Աստված, որ այդպես լինի:
Ես այդ մարդկանց ասում եմ, որ 8 տարի առաջ, ոչ ոք չէր հավատա, որ մենք ամբողջովին կզրկվենք Արցախից ու այն կհայաթափվի: 7 տարի առաջ, ոչ ոք չէր հավատա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է պատերազմ սկսվել: Այսօր արդեն այդ պատերազմը շարունակվում է չորս ու կես տարի ու ավարտվելու փոխարեն՝ կարող է վերածվել ավելի մեծ բախման:
Ոչինչ բացառել չի կարելի:
—00—ԼԱ
Հետևեք մեզ նաև Telegram-ում