Պուտինը պատրաստվում է սրել պատերազմական իրավիճակը Ուկրաինայում․Reuters

Պուտինը պատրաստվում է սրել պատերազմական իրավիճակը Ուկրաինայում․Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է շարունակել և սրել ռազմական գործողություններն Ուկրաինայի դեմ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների, որոնք, ըստ գործակալության, պարբերաբար հանդիպում են Ռուսաստանի նախագահի հետ։

Հրապարակման համաձայն՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համակարգված հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին և Ուկրաինայի զինված ուժերի այլ հաջողություններն ավելի են կոշտացրել Կրեմլի դիրքորոշումը։

Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ Ուկրաինայի դաշնակիցները հույս ունեին, որ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հաջող հարվածները կփոխեն պատերազմի ընթացքը և կստիպեն Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները։ Սակայն, ըստ աղբյուրների, այդ հարձակումները միայն ուժեղացրել են Պուտինի վճռականությունը՝ շարունակելու պատերազմը և պատասխան հարվածներ հասցնելու։

Գործակալության փոխանցմամբ՝ ռուսական կողմը ուկրաինական հարվածներից հետո մի քանի զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։

Reuters-ի աղբյուրները նաև պնդում են, որ Պուտինը չի պատրաստվում հրաժարվել ամբողջ Դոնբասը վերահսկողության տակ վերցնելու ծրագրերից։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանի նախագահը քննադատել է այն խորհրդականներին, որոնք առաջարկել էին սառեցնել հակամարտությունը ներկայիս ճակատային գծով՝ հայտարարելով, որ Կրեմլին «անհրաժեշտ է որևէ հաղթանակ»։

Աղբյուրների գնահատմամբ՝ Պուտինը շարունակում է վստահ լինել, որ ռուսական բանակը մոտ ապագայում կկարողանա վերահսկողություն հաստատել Դոնբասի ամբողջ տարածքի նկատմամբ։

Բացի այդ, Reuters-ի զրուցակիցները նշում են, որ Կրեմլը դիտարկում է պատերազմի հետագա սրման տարբերակները, որոնք, նրանցից մեկի գնահատմամբ, կարող են իրականություն դառնալ արդեն առաջիկա ամիսներին։ Թե ինչ ձևով կարող է արտահայտվել այդ էսկալացիան, աղբյուրները չեն հստակեցրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում