Իրանի նախկին ԱԳ նախարարը կոչ է արել չթերագնահատել ԱՄՆ-ի հնարավոր քայլերը տարածաշրջանում

Իրանի նախկին ԱԳ նախարարը կոչ է արել չթերագնահատել ԱՄՆ-ի հնարավոր քայլերը տարածաշրջանում

Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ, չնայած վերջին զարգացումներին, ԱՄՆ-ը շարունակում է գործել զգուշավոր կերպով և կարող է տարածաշրջանում ստեղծել նոր իրավիճակներ։

Նրա խոսքով՝ թեև բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ձախողվել է, Իրանում որոշումներ կայացնողները չպետք է առաջնորդվեն միայն այդ գնահատականներով։

Մոթաքին անդրադարձել է նաև այն տեղեկություններին, թե ԱՄՆ-ի սպառազինության պաշարները կարող են նվազել՝ նշելով, որ իրանական պաշտոնյաները ուսումնասիրում են այդ հաղորդումները և դրանց հիման վրա մշակում իրենց քայլերը։ Սակայն, ըստ նրա, նման տեղեկությունները չպետք է հանգեցնեն իրավիճակի թերագնահատման։

Որպես օրինակ՝ նախկին նախարարը հիշեցրել է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի անհաջողությունը պայմանավորված չէր զենքի, ֆինանսների կամ մարդկային ռեսուրսների պակասով, այլ քաղաքական ու գաղափարական ձախողմամբ։

«Մենք չպետք է հեշտացնենք նրանց գործը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ծրագրեր են մշակել ամերիկացիները», – նշել է Մոթաքին՝ հավելելով, որ, իր գնահատմամբ, ԱՄՆ-ը, նույնիսկ կրած հարվածներից հետո, գործում է մեծ զգուշությամբ և կարող է տարածաշրջանում ձևավորել նոր պայմաններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում