Ներկայացվում են Լոռու մարզում էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները

«Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է «Լոռու մարզում էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները, հեռանկարները և դրանց նպաստող անհրաժեշտ քայլերը» խորագրով ծրագիրը։ Այն իրականացվում է «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգում։ Նպատակն է զարգացնել էկոտուրիզմը Հայաստանում՝ լայն զանգվածներին ծանոթացնելով Հայատանի բնությանը, տեսարժան վայրերին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունից: 

Ծրագրի շրջանակներում ստեղծվել են կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացնում են Լոռու մարզի պատմամշակութային կոթողները։ Ֆիլմերն ունեն նաև անգլերեն ենթագրեր (սուբտիտրեր), որոնց շնորհիվ մարզի պատմամշակութային կոթողներին կծանոթանան նաև այլազգիները:

Կազմակերպությունը երիտասարդների շրջանում իրականացրել է դասընթացներ՝ մասնակիցներին ծանոթացնելով Լոռու մարզում էկոտուրիզմի հնարավորություններին, զարգացման անհրաժեշտությանը և առավելություններին, ինչպես նաև բնապահպանական հիմնախնդիրներին։ Սեմինարներին անդրադարձել են հետևյալ թեմաներին՝ «Էկոտուրիզմը բնության հատուկ պահպանվող տարածքներում», «Տուրիզմի նպատակները և խնդիրները պահպանվող տարածքներում», «Ազգային պարկեր, արգելոցներ», «Օրգանական գյուղատնտեսության սկզբունքները և ներդրումը» և այլն։ Կազմակերպվել են նաև արշավներ, որոնց շնորհիվ մասնակիցներն ամրապնդել են սեմինարներում ստացած գիտելիքները։

ՀԿ-ն կպատրաստի ինտերնետային կայք, որտեղ կներակայացվեն Լոռու մարզի տեսարժան վայրերը, դրանց պատմությունը, տուրիստական համալիրները, գյուղական անհատական գիշերակացի սպասարկման հնարավորությունները, առաջարկները, պայմանները, ինչպես նաև առցանց ռեժիմում կպատասխանեն կայք այցելողներին հետաքրքրող հարցերին: Կստեղծվի նաև երկլեզու գրքույկ, որում կներկայացվի տեղեկատվություն Լոռու մարզի քիչ հայտնի տեսարժան վայրերի մասին, կտրվի անհրաժեշտ ինֆորմացիա այցելուների ներգրավման, սպասարկման, համապատասխան պայմանների, առաջարկների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում