Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց ևս երեք ամսով երկարաձգել ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի տնային կալանքը։ Միաժամանակ անփոփոխ թողնվեց նաև երկրից բացակայելու արգելքը՝ բավարարելով դատախազի ներկայացրած միջնորդությունը։
Նիստի ընթացքում Աշոտյանի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Ռուբեն Մելիքյանը պահանջել էին առհասարակ վերացնել ցանկացած խափանման միջոց՝ պնդելով, որ գործընթացը զուրկ է իրավական ու արդարադատության հիմքերից, և նման սահմանափակման անհրաժեշտություն չկա։
Ըստ մեղադրանքի՝ 2009-2016 թվականներին նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Արմեն Աշոտյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։ Քննության վարկածով՝ նա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա որդու, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ պետական սեփականությունից դուրս է բերել բուհին հատկացված անշարժ գույքը։ Խոսքը Երևանի Պուշկին փողոցում գտնվող 451,1 քառակուսի մետր մակերեսով տարածքի մասին է (մոտ 209 մլն դրամ արժողությամբ), որն, ըստ իրավապահների, կոռուպցիոն սխեմայով օտարվել է ի նպաստ մասնավոր անձանց։
Գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև բուհի նախկին ռեկտորն ու պրոռեկտորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում