«Դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները». Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները

«Դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները». Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները

Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով իր նկատմամբ ներկայացված նոր քրեական մեղադրանքին, երկրում տիրող քաղաքական իրավիճակին և արտաքին մարտահրավերներին:

Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։

Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։

Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։

Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։

Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։

Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում