«Առանց կարգապահության՝ ամեն ինչ իմաստազրկվում է»․ Շիրազ Խաչատրյանը՝ առաջնագծից հրապարակված կադրերի մասին

«Առանց կարգապահության՝ ամեն ինչ իմաստազրկվում է»․ Շիրազ Խաչատրյանը՝ առաջնագծից հրապարակված կադրերի մասին

Շիրազ Խաչատրյանն անդրադարձել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ առաջնագիծ կատարած այցելության տեսանյութին։ Նրա գնահատմամբ՝ հրապարակված 40-վայրկյանանոց հոլովակն ակնհայտորեն ցույց է տալիս Զինված ուժերում տիրող կարգապահական վիճակը։

Շիրազ Խաչատրյանը, մասնավորապես, գրել է․

«Ֆեյսբուքում աչքովս ընկավ Սուրեն Պապիկյանի առաջնագիծ այցելելու տեսանյութը: Էն, ինչ մենք թույլատրելիի սահմաններում փորձում ենք չբարձրաձայնել, նախարարն ինքը ցույց է տալիս իր 40-վայրկյանանոց տեսանյութում։

Կարճ հոլովակն իսկական ցուցիչ է զինված ուժերում տիրող կարգապահական վիճակի մասին: Նախարարն ու ուղեկցող անձնակազմը՝ մի ձևի հագուկապով են, դիրքերում գտնվող զինվորները՝ բոլորովին այլ, ու ամենառաջին բանը, որն աչքի է ընկնում՝ դիրքապահների ոչ սափրված վիճակն է…

Չգիտեմ… կարող է հիմա այլ ստանդարտներ են գործում բանակում, և զինծառայողի արտաքին տեսքը էական չէ, օրինակ՝ սափրվել-չսափրվելու, հագուկապի հարցն այլևս կարևորություն չի ներկայացնում, դա հարցի մեկ այլ կողմն է:

Իսկ եթե ոչ, ապա այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում…

Ինչ ասեմ… ինձ համար բանակի հիմքը եղել և մնում է կարգապահությունը։ Կարող ես կառուցել լավագույն ամրաշինությունները կամ գնել ամենաժամանակակից զենքերը, բայց եթե չկա տարրական կարգապահություն զինված ուժերում, մնացած ամեն ինչ իմաստազրկվում է։

20 տարի առաջ եմ ծառայել Արցախում՝ առաջնագծում… ու ակամայից երանի եմ տալիս էն ժամանակվա զինվորական ուստավին..»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում