ՀԱՊԿ-ը Բելառուսում մասշտաբային զորավարժություններ է անցկացնելու․ կներգրավվի 5 հազար զինծառայող
Կարդացեք նաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այս տարվա համատեղ զորավարժություններին կներգրավվի անձնակազմի 5 հազար զինծառայող և ավելի քան 1 հազար միավոր սպառազինություն, ռազմական ու հատուկ տեխնիկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է БЕЛТА գործակալությունը։
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» և «Պատնեշ» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում հոկտեմբերի 11-16-ը։
Ազգային զորախմբերի տեղափոխումը զորավարժությունների անցկացման շրջաններ պլանավորված է և իրականացվելու է ռազմատրանսպորտային ավիացիայի, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով։
«Այսօր մենք հայտարարում ենք հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների պատրաստակամության մասին՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։ Կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումները հիմք են հանդիսանում խաղաղության, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման, մեր պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հավաքական հիմունքներով պաշտպանության համար, որոնց հասնելու գործում անդամ պետությունները նախապատվությունը տալիս են քաղաքական միջոցներին»,- նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։
Անդրեյ Սերդյուկովն ընդգծել է, որ անցկացվող բոլոր միջոցառումներն ու զորավարժությունները պլանային են, ուղղված չեն երրորդ երկրների դեմ և նպատակ ունեն կատարելագործել կառավարման մարմինների ու զորքերի ներդաշնակվածությունը, ինչպես նաև պահպանել ուժերի ու միջոցների կազմավորումների պատրաստվածությունը՝ հավաքական անվտանգության ապահովման շահերից բխող առաջադրանքները կատարելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում