Բաքուն բողոքում է Շուշիի ժայռերին արված գրառումներից, սակայն լռում է հայկական կոթողների պետական ոչնչացման մասին

Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ բախվել են սեփական քաղաքացիների սանձարձակ վարքագծին օկուպացված Շուշիում։ Քաղաքի պետական արգելոցի վարչության ներկայացուցիչ Սամայա Մամեդովան Oxu.Az-ին հայտնել է, որ ադրբեջանցի զբոսաշրջիկները գրառումներ են թողել Ջդրդուզի պատմական ժայռերի վրա։

Թեև պաշտոնական Բաքուն շտապել է հայտարարել, թե գրությունները մաքրվել են, Մամեդովան ստիպված է եղել ընդունել․ «Մաքրման աշխատանքներից հետո Ջդրդուզի ժայռերին էական վնաս է հասցվել»։ Նա հավելել է, որ չնայած տուգանքներին ու նախազգուշացումներին, նման անցանկալի միջադեպերը շարունակական բնույթ են կրում, և հանրությանը կոչ է արել պայքարել վանդալիզմի դեմ։

Ստեղծված իրավիճակն ավելի քան խոսուն է։ Տասնամյակներ շարունակ, երբ Շուշին գտնվում էր հայկական կողմի վերահսկողության տակ, քաղաքում և մասնավորապես Ջդրդուզում նման վանդալիզմ երբեք չի արձանագրվել․ թե՛ տեղի հայ բնակչությունը, թե՛ բազմահազար զբոսաշրջիկները սրբությամբ ու ակնածանքով են վերաբերվել բնությանն ու պատմական միջավայրին։

Այսօր Բաքվի իշխանությունները ողբում են սեփական այցելուների թողած հետքերի համար, սակայն նույն պահին աչք են փակում շատ ավելի ահռելի ավերածությունների վրա։ Ադրբեջանը պետական մակարդակով, ծանր տեխնիկայով ու նպատակադրված քանդում է հայկական պատմամշակութային ժառանգությունը, հիմնահատակ ոչնչացնում եկեղեցիներն ու տապանաքարերը, բայց փորձում է «քաղաքակիրթ» ձևանալ՝ տուգանելով ժայռերին անուններ փորագրող սեփական վանդալներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում