Հրաշք Նեպալում․ սառցադաշտի փլուզումից 10 օր անց փլատակների տակից ողջ մարդկանց են հանել

Նեպալում աղետալի ջրհեղեղից 10 օր անց փրկարարներին հաջողվել է փլատակներով փակված թունելից ողջ դուրս բերել հիդրոէլեկտրոկայանի երկու աշխատակցի։ Oգոստոսի 26-ին սառցադաշտի փլուզման հետևանքով առաջացած հեղեղումները ավերել էին բնակավայրեր, իսկ տեղական իշխանությունների տվյալներով՝ երկրի 12 հիդրոէներգետիկ նախագծերում շուրջ 900 աշխատակից դեռ համարվում է անհետ կորած, որոնցից մոտ 500-ը կարող են արգելափակված լինել թունելներում։

Trishuli 3A թունելից փրկված տղամարդիկ Նեպալի քաղաքացիներ են՝ 30-ամյա վարպետ-մեխանիկ Սանջայ Շահը և 45-ամյա ավագ մեխանիկ Կաբիր Մահարջանը։ Նեպալի ներքին գործերի նախարար Սուջան Գուրունգը հայտնել է, որ երկուսի վիճակն էլ կայուն է, նրանց ուղղաթիռով տեղափոխել են Կատմանդուի հիվանդանոց։

Փրկարարական թիմերը ստիպված են եղել մաքրել թունելը փակած 50-60 մետրանոց փլատակների շերտը։ Նեպալցի փրկարարներին աջակցում են Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանած մասնագետները, իսկ որոնողական աշխատանքներն ուժեղացնելու նպատակով ուրբաթ օրը աղետի գոտի են ուղարկվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ։

Նեպալի էլեկտրաէներգիա արտադրողների անկախ ասոցիացիայի փոխանցմամբ՝ միայն Տրիսուլի գետի վրա գտնվող Trishuli 3A նախագծում անհետ կորած է համարվում առնվազն 557 աշխատակից, որոնցից շուրջ 115-ը, ըստ նախնական տվյալների, գտնվում են հիմնական թունելում։ Նեպալի տեղեկատվության նախարար Բիկրամ Տիմիլսինան հայտարարել է, որ իշխանությունները հույս ունեն փրկել ավելի շատ մարդկանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում