ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցի մոտ իրանական նավթային տանկեր են խոցել․ իրանական ԶԼՄ-ներ

ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցի մոտ իրանական նավթային տանկեր են խոցել․ իրանական ԶԼՄ-ներ

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շաբաթ առավոտյան Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող Խարգ կղզու մոտ ամերիկյան զինուժը հարված է հասցրել իրանական նավթային տանկերին։ Տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրում հնչել են մի քանի պայթյուններ, ընթանում է նավի անձնակազմի տարհանումը, իսկ զոհերի կամ տուժածների մասին տվյալներ այս պահին չեն հաղորդվում։

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը։

Միջադեպին նախորդել էր Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում գտնվող նավերի ուղղությամբ հականավային հրթիռների ենթադրյալ արձակումը։ Երկու երկրների միջև ռազմական դիմակայության նոր փուլը սկսվել էր նախորդ կիրակի, երբ ամերիկյան ուժերը հարվածներ հասցրեցին նեղուցում տեղակայված իրանական հրթիռային կայանքներին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ գործողություններն ուղղված են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ականապատման աշխատանքներ իրականացնող ուժերի դեմ, որոնք «անմիջական սպառնալիք» էին ներկայացնում առևտրային նավագնացության համար։

ԻՀՊԿ-ն հաստատել էր Լարակ կղզու ուղղությամբ հասցված հարվածների փաստը և պատասխան գործողություններ իրականացրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Դրանից հետո CENTCOM-ը հայտարարեց նոր լայնամասշտաբ հարվածների մասին՝ թիրախավորելով ԻՀՊԿ ՀՕՊ համակարգերը, ռադարները, ռազմածովային նավերն ու կապի ենթակառուցվածքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում