WSJ․ ԱՄՆ-ն Nvidia-ի չիպեր է խոստացել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դիմաց

WSJ․ ԱՄՆ-ն Nvidia-ի չիպեր է խոստացել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դիմաց

Միացյալ Նահանգներին հաջողվել է համոզել Հայաստանին ստորագրել նախնական խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ՝ փոխարենը խոստանալով ընդլայնված հասանելիություն տրամադրել Nvidia ընկերության առաջատար միկրոչիպերին, որոնք օգտագործվում են արհեստական բանականության նախագծերում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով բանակցությունների մասնակիցներին։

Ամերիկացի դիվանագետները ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդումը դիտարկել են որպես առանցքային խթան Հայաստանի համար՝ հակամարտության խաղաղ կարգավորման գնալու ճանապարհին։ Հատկանշական է, որ օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Nvidia և Dell ընկերությունների ղեկավարության հետ միասին Հրազդան քաղաքում՝ Ադրբեջանի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա, բացել է Firebird խոշոր տվյալների կենտրոնը։ Նախագծի մշակողները նախատեսում են մինչև 2027 թվականի վերջը տեղադրել շուրջ 70 հազար նորագույն ԱԲ-սերվերներ։

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը WSJ-ի հետ զրույցում ընդգծել է, որ Nvidia-ի բաղադրիչները «խաղաղության համաձայնագրի հասնելու փազլի շատ կարևոր մասն էին»։ Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականի հունիսին ԱՄՆ հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի թիմը նախապատրաստել էր հուշագիր, որը ենթադրում էր Firebird-ի համար չիպերի արտահանման արտոնագրերի տրամադրում։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները առաջարկել էր Հայաստանի տարածքով Ադրբեջանն իր նախիջևանյան էքսկլավին կապող տրանսպորտային երթուղի կառուցել, որն ստացել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» (TRIPP) անվանումը։

Արդյունքում, 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի եզրափակիչ փուլում ստորագրվել է խաղաղության հաստատման մասին եռակողմ հռչակագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում