Լևոն Քոչարյան․ «Բիզնեսների կապարակնքումն իրավունքի հետ կապ չունի»
Կարդացեք նաև
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ու ընտանիքի ներկայացուցիչները հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել են իրենց հետագա ռազմավարությունը՝ ընդգծելով, որ պատրաստվում են գործադրել իրավական ու քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։
Անդրադառնալով միջազգային ատյաններ դիմելու հեռանկարին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ առաջիկայում չի բացառվում դիմումների ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) կամ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ։
«Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են՝ անկախ դրանց այսօր ունեցած արդյունավետությունից, պրակտիկայում եղած վիճակից, դատարանների կաշկանդվածությունից կամ քաղաքական պատվերներ կատարելուց։ Այն, ինչ նախատեսվում է օրենքով, բոլոր հնարավորությունները միանշանակ օգտագործվելու են»,- ընդգծել է Խուդոյանը՝ երկրորդ նախագահի դեմ իրականացվող գործընթացները որակելով քաղաքական հետապնդում։
Ասուլիսին մասնակցող ԱԺ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն իր հերթին խոսել է ընտանիքին պատկանող ընկերությունների գործունեության սահմանափակումների մասին։ Նրա գնահատմամբ՝ իրականացվող քայլերն ակնհայտորեն դուրս են իրավական տիրույթից, ինչի վառ ապացույցն ընկերությունների կապարակնքումն ու տնտեսական գործունեության արհեստական արգելափակումն է։
«Կատարյալ անտրամաբանական է, կարիք չկա կապարակնքել ու փակել բիզնեսը։ Ինչո՞ւ են փակում բիզնես գործունեությունը, ընդհանրապես հասկանալի չէ։ Եթե ընկերությունն ունի հարկայինի հետ խնդիր, այլ կերպ է այդ խնդիրը լուծվում։ Նույնիսկ այդ մասով խնդիր չունենք, ոչ մի դրամ հարկ չի թաքցվել, դա միանշանակ կերպով ասում եմ»,- նշել է Լևոն Քոչարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում