Լավրով․ «Ռուսաստանի պատասխանն անհամեմատ ավելի ծանր է լինելու Ուկրաինայի համար»
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական հարվածները հանգեցրել են կոշտ պատասխան գործողությունների, որոնք էլ ավելի ծանր հետևանքներ են ունենալու Կիևի համար։
Յուլիա Մենշովայի հարցազրույցում ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան նախապես զգուշացրել էր նման զարգացումների մասին․ «Մենք զգուշացնում էինք, որ Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների դեմ ուկրաինական ահաբեկչական հարձակումները հանգեցնելու են պատասխան ռեակցիայի, որն անհամեմատ ավելի ծանր է լինելու Ուկրաինայի համար։ Դա հենց հիմա էլ տեղի է ունենում»։
Անդրադառնալով Արևմուտքի հետ հարաբերություններին և հնարավոր բանակցություններին՝ Լավրովը նշել է, որ այս պահին ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ որևէ բանակցություն չի ընթանում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը նախապատվությունը կտար նպատակներին բանակցային ճանապարհով հասնելուն, սակայն Արևմուտքի կողմից փոխզիջումների բացակայության պայմաններում Մոսկվան իր խնդիրները լուծելու է ռազմադաշտում։
Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը կոշտ քննադատության է ենթարկել նաև եվրոպական երկրների դիրքորոշումը՝ պնդելով, թե Եվրոպան փորձում է խոչընդոտել խաղաղ նախաձեռնություններին։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի աջակցությանը Կիևին, Լավրովը հայտարարել է․ «Ինձ ցավալի է Բրիտանիայի համար, քանի որ նրանք հայտարարել են, թե Ուկրաինայի հետ կլինեն մինչև վերջ»։
Եզրափակելով՝ Լավրովը շեշտել է, որ ներկա փուլում Ռուսաստանը փոխշահավետ համագործակցության ավելի մեծ հեռանկարներ է տեսնում Արևելքի, քան Արևմուտքի հետ, քանի որ արևելյան ուղղությամբ առկա են տնտեսական ու քաղաքական ակնհայտ առավելություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում