Ֆրանսիայում բողոքի ակցիաների ֆոնին փողոց է դուրս բերվել բանակը․ կան տասնյակ ձերբակալվածներ

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ֆոնին փողոց է դուրս բերվել բանակը․ կան տասնյակ ձերբակալվածներ

Ֆրանսիայով մեկ ընթացող զանգվածային ցույցերի և բողոքի ակցիաների ֆոնին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ երկրում արդեն ձերբակալվել է 135 մարդ, իսկ հասարակական կարգի խախտման 136 դեպք է արձանագրվել։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ հասարակական վայրերում և հրապարակներում ընթացող ակցիաներին այս պահի դրությամբ մասնակցել է շուրջ 35 հազար մարդ։ Դեպքերի հնարավոր էսկալացիան և բռնությունները կանխելու նպատակով ողջ երկրի տարածքում մոբիլիզացվել է ոստիկանության և ժանդարմերիայի 70 հազար աշխատակից։ Բացի այդ, անվտանգության ուժերին աջակցելու նպատակով փողոցներ են դուրս բերվել նաև զինված ուժերի ստորաբաժանումները։

Ցույցերը պաշտոնապես թույլատրված են եղել ինչպես մայրաքաղաք Փարիզում, այնպես էլ Լիլում, Ստրասբուրգում, Մյուլուզում, Գրենոբլում, Մարսելում, Թուլուզում և Ամիենում։ Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով, Փարիզի RATP տրանսպորտային օպերատորը առավոտից փակել է մետրոյի 24 կայարան։ Իսկ Լիոնում, որտեղ քաղաքի կենտրոնական հատվածում ցույցերն արգելված են եղել, իրավապահները հավաքված փոքր խմբերին ցրելու համար ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում