Հայաստանի և Վանի գործարարները կոչ են անում բացել սահմանը
Կարդացեք նաև
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով արագացնել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ավելացնել երկկողմ առևտրաշրջանառությունն ու բացել պետական սահմանային անցակետերը։
Համատեղ դիմումն ընդունվել է սեպտեմբերի 3-4-ին Երևանում տեղի ունեցած երկկողմ հանդիպումների արդյունքներով, որոնց ընթացքում Վանից Հայաստան ժամանած շուրջ 80 թուրք գործարարներ հայ գործընկերների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերի հաստատման, ներդրումային հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Կողմերի գնահատմամբ՝ սահմանների բացումը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային առևտրին, ներդրումներին ու տուրիզմին, իսկ Վանը կարող է վերածվել առևտրալոգիստիկ կամուրջի Թուրքիայի և Հարավային Կովկասի միջև։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել B2B ձևաչափով շփումները և աշխատել կանոնավոր առևտրային երթուղիների ձևավորման ուղղությամբ։
Այնուամենայնիվ, այս լուրի և «տնտեսական աշխուժության» ֆոնին փորձագիտական ու հասարակական դաշտում լուրջ մտահոգություններ ու հարցադրումներ են առաջանում։
Առաջին հերթին անհասկանալի է մնում, թե որքանով է տեղական տնտեսությունը պատրաստ նման զարգացումներին։ Թուրքական էժան ու պետական աջակցություն ստացող ապրանքների անարգել մուտքը Հայաստան ի՞նչ հետևանքներ է ունենալու տեղական արտադրողի և գյուղատնտեսության համար։ Արդյո՞ք հայկական ապրանքները իրական հնարավորություն կունենան մուտք գործել թուրքական շուկա, թե՞ Հայաստանը պարզապես վերածվելու է թուրքական արտադրանքի սպառման հարթակի։
Բացի այդ, Անկարայի կողմից շարունակվող քաղաքական նախապայմանների ֆոնին՝ արդյո՞ք տնտեսական շահերի մասին խոսույթը չի ծառայում որպես քաղաքական զիջումները քողարկելու միջոց։ Առանց հստակ անվտանգային երաշխիքների և տեղական արտադրողի պաշտպանության մեխանիզմների սահմանների շուտափույթ բացումը կարող է հանգեցնել Հայաստանի տնտեսական միակողմանի կախվածության մեծացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում