Հորմուզի նեղուցում էսկալացիայի նոր ալիք է․ Իրանը հարվածել է 10 նավի և ամերիկյան ռազմաբազայի

Հորմուզի նեղուցում էսկալացիայի նոր ալիք է․ Իրանը հարվածել է 10 նավի և ամերիկյան ռազմաբազայի

Մերձավոր Արևելքում արդեն վեց ամիս ընթացող ռազմական հակամարտության ֆոնին Իրանն ու Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել նավթատար նավերին։ Իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 10 նավի վրա հարձակվելու մասին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի կողմից իրանական 5 նավթատարների խոցման։

Ռազմական գործողությունների կտրուկ էսկալացիան անմիջապես անդրադարձել է էներգակիրների միջազգային շուկայի վրա․ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է՝ հատելով մեկ բարելի դիմաց 100 դոլարի շեմը։ Բացի այդ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանի Ալ-Ազրաք շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Հորդանանյան կողմի փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 20 հրթիռներից 18-ը, իսկ մյուս երկուսն ընկել են չբնակեցված տարածքներում։

Ամերիկյան կողմը հաստատել է իրանական նավթատարներին հասցված հարվածների փաստը՝ նշելով, որ դա պատասխան էր ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն այսուհետ թիրախավորելու է իրանական նավթատարները՝ ի պատասխան ամերիկյան ռազմանավերին սպառնացող ցանկացած գործողության։

Իրավիճակը վատթարանում է նաև տարածաշրջանային այլ ճակատներում․ Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև բախումների ինտենսիվացումը լրացուցիչ ճնշում է ստեղծում նավթի համաշխարհային մատակարարումների վրա։ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման ծավալները, որոնք նախկինում հասնում էին օրական 8-9 միլիոն բարելի, ներկայումս նվազել են՝ հասնելով մոտ 2 միլիոն բարելի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում