Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը
Կարդացեք նաև
Ալժիրը հայտարարել է Միացյալ Արաբական Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և ԱՄԷ դեսպանին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար։ Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը Պարսից ծոցի պետությանը մեղադրել է «սադրիչ և թշնամական գործողությունների» մեջ՝ ընդգծելով, որ սպառվել են երկկողմ հարցերը կարգավորելու բոլոր հնարավորությունները։
«Ալժիրը ջանք չի խնայել էմիրաթական կողմի ուշադրությունը հրավիրելու և նրան զգուշացնելու համար այն ծանր հետևանքների մասին, որոնք կարող է առաջացնել նրա ցավալի և չարդարացված վարքագիծը։ Սակայն ԱՄԷ-ն շարունակեց իր գործողությունները՝ հասցնելով դրանք մի կետի, երբ դրանք այլևս հնարավոր չէր համարել ընդունելի կամ հանդուրժելի»,- նշված է Ալժիրի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։
Ալժիրի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները տարիներ շարունակ ծայրահեղ լարված են եղել։ Ալժիրը Աբու Դաբիի միջամտությունը Հյուսիսային Աֆրիկայի և Սահելի տարածաշրջանի երկրների գործերին դիտարկում էր որպես անմիջական սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։ Մասնավորապես, ԱՄԷ-ն աջակցում է Մարոկկոյի տարածքային հավակնություններին, ինչպես նաև 2020 թվականից նորմալացրել է հարաբերությունները Իսրայելի հետ, ինչը խիստ բացասական է ընդունվել Ալժիրում։ Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը նախկինում կոշտ քննադատության էր ենթարկել Էմիրությունների քաղաքականությունը՝ նշելով․ «Ուր որ նրանք ոտք են դնում, այնտեղ արյուն է թափվում»։
Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Ալժիրն անմիջապես փակել է իր օդային տարածքը ԱՄԷ-ում գրանցված բոլոր ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Բացառություն է արվել միայն դեպի Ալժիրի մայրաքաղաք իրականացվող առևտրային չվերթների համար, որոնց թույլատրվել է թռիչքները շարունակել մինչև ընթացիկ տարվա վերջ։
ԱՄԷ իշխանություններն իրենց հերթին ցավակցություն են հայտնել Ալժիրի որոշման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այս քայլը ժամանակավոր բնույթ է կրում, և կհաջողվի պահպանել երկու երկրների միջև առկա «եղբայրական կապերը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում