Ալեքսանդր Լուկաշենկո․ «Բելառուսի դեմ բացահայտ լրտեսություն է իրականացվում»
Կարդացեք նաև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրեստի մարզի զինվորական ուսումնադաշտ կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ երկրի դեմ «բացահայտ, գրեթե լկտիաբար» արտաքին հետախուզական գործողություններ են իրականացվում։
Ինչպես փոխանցում է БЕЛТА պետական լրատվական գործակալությունը, Լուկաշենկոն նշել է, որ պարբերաբար արձանագրվում են տարբեր տեսակի սադրանքներ, այդ թվում՝ օդային տարածքի խախտումներ։
«Հետախուզությունը տարվում է բավականին բացահայտ, գրեթե լկտիաբար․ պարբերաբար արձանագրում ենք տարբեր տեսակի սադրանքներ, օդային տարածքի խախտումներ։ Բայց դա չէ գլխավորը։ Գլխավորն այն է, որ մեր հարևանները միլիարդներ են ծախսում սեփական բանակի զինման վրա»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական ղեկավարությանը կոչ է արել պատրաստ լինել համարժեք արձագանքի, եթե հանկարծ որևէ արտակարգ իրավիճակ ստեղծվի։ Նա վերահաստատել է իր նախկին թեզը․ «Ինչպես մի անգամ ասել եմ բաց ու ազնիվ, մեզ պետք է պատրաստվել պատերազմի, որպեսզի կարողանանք խուսափել դրանից»։
Հատկանշական է, որ Բելառուսի նախագահը դեռևս մայիսին խոսում էր երկրի զինված ուժերի պատրաստվածության մասին հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու համար՝ որպես առաջնահերթություն առանձնացնելով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի ապահովումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում