«Երևանը որդեգրել է Մոսկվայի հետ կապերը խզելու ուղեգիծ»․ Սերգեյ Շոյգուի կոշտ հայտարարությունը

«Երևանը որդեգրել է Մոսկվայի հետ կապերը խզելու ուղեգիծ»․ Սերգեյ Շոյգուի կոշտ հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու քաղաքականություն։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Երևանի ձգտումը՝ ընդլայնելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, դարձել է ակնհայտ։

Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում ստեղծվել է «առավել ցուցադրական իրավիճակ»՝ հիշեցնելով պատմական ու տնտեսական անցյալը։

«Հիշեցնեմ, որ 90-ականներին Ռուսաստանը փրկեց այդ երկիրը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճեց գրեթե երեք անգամ։ Ընդ որում, ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ են որդեգրել»,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է դարձել նաև Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը տարածաշրջանային կառույցներին։ Շոյգուն մասնավորապես շեշտել է Երևանի «բացահայտ սպառողական վերաբերմունքը» տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում