Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի որոշմամբ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը, մինչդեռ պաշտպանական կողմը՝ փաստաբան Վարազդատ Հարությունյանի գլխավորությամբ, պահանջում էր կիրառել ավելի մեղմ խափանման միջոց։
Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Բաբայանը, անդրադառնալով դատական նիստի արդյունքներին, խոր հիասթափություն հայտնեց դատարանի կայացրած որոշման և ներկայացված պատճառաբանությունների վերաբերյալ։
«Հայաստանում չեմ, ինչի պատճառով այսօր չկարողացա մասնակցել Մարտուն Գրիգորյանի գործով դատական նիստին։ Սակայն ամբողջությամբ լսել եմ նիստի ընթացքը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին և պարոն Անդրիկյանին՝ բարձրակարգ իրավաբանական աշխատանքի և պրոֆեսիոնալ պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, խոր հիասթափություն եմ հայտնում դատարանի կողմից տրված պատճառաբանությունների առնչությամբ։ Իրավաբանությունը մեր դատարաններում աստիճանաբար ոչնչացվում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը։
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել ու երկու ամսով կալանավորվել էր օգոստոսի 13-ին՝ ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ինքը՝ Գրիգորյանը, և նրա պաշտպանական թիմը տեղի ունեցածը որակում են բացառապես քաղաքական հետապնդում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում