Նոր բախումներ Սեուտայում․ ոստիկանությունը մահակներ է կիրառել հազարավոր ներգաղթյալների դեմ
Կարդացեք նաև
Իսպանական Սեուտա էքսկլավում ոստիկանության և ներգաղթյալների միջև նոր բախումներ են տեղի ունեցել։ Սեպտեմբերի 18-ի առավոտյան ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել՝ ծովափնյա հատվածներից շուրջ 1700 միգրանտների դեպի նոր բացված երկու վրանային ճամբարներ տեղափոխելու նպատակով։
Իսպանական RTVE հեռուստառադիոկազմակերպության տվյալներով՝ գործողությունը տևել է շուրջ հինգ ժամ։ Ամիսներով բացոթյա պայմաններում ապրող և հյուծված ներգաղթյալները փորձել են առաջինը հասնել կացարաններ, ինչի հետևանքով ուժգին հրմշտոց է սկսվել։ Ի վերջո, հատկացված տեղերը բոլորին չեն բավարարել։ Ամբոխը վերահսկելու և մարդկանց հոսքը կանգնեցնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել մահակներ կիրառել։ Չնայած լարված իրավիճակին՝ Սեուտայի տեղական իշխանությունները հայտարարել են, թե գործողությունն անցել է հաստատված պլանին համապատասխան։
RTVE-ի փոխանցմամբ՝ Սեուտայի ծովափերում դեռևս մնում է շուրջ 3 հազար ներգաղթյալ, իսկ էքսկլավի տարածքում նրանց ընդհանուր թիվը հասնում է 10 հազարի։ Ֆրանսիական AFP գործակալությունն իր հերթին հայտնում է ավելի անհանգստացնող թվեր․ ըստ գնահատականների՝ տարածաշրջանում է գտնվում շուրջ 13 հազար միգրանտ, մինչդեռ գործող բոլոր ճամբարները միասին կարող են ընդունել առավելագույնը 6 հազար մարդու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում